Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտերմական հարաբերությունները և ուղիղ սրտով ու մաքուր սիրով վերադառնալ յուր օրինավոր ամուսնու գիրկը: Այո՛, ինչպես որ իմ այս ապստամբության իսկական պատճառը ոչ թե փառասիրությունս, այլ թագավորն ուղղության բերելու ցանկությունս էր, այնպես էլ մեր հաշտության իսկական պայմանը, և ավելի սրբազան երդումը ո՛չ թե այն էր, որ դուք իշխաններդ վավերացրիք, այլ այն, որ կնքվեցավ արքայի, Սյունյաց եպիսկոպոսի և իմ մեջ։

-Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին ապստամբության շարժառիթների հետ. երկրո՞րդն ի՛նչ պատճառներից հառաջացավ,-հարցրեց Մարզպետունի իշխանը։

-Երկրո՞րդը։

-Այո՛։

-Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են։

-Պատմի՛ր համառոտ, թե չես ձանձրանում։

-Ձանձրանա՞լ, ո՛չ. Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ,-պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը։

-Ես կարծում եմ,-ասաց Սևադան,-կարելի է միշտ ներել այն հանցավորին, որ կա՛մ հանգամանաց բերմամբ, կա՛մ սեփական թուլությունից գործում է մի հանցանք, բայց ունի կենդանի խիղճ, դյուրազգաց սիրտ, ճանաչում է յուր հանցանքը և զղջում է սրտանց։ Բայց ներել այն հանցավորին, որ ոչ միայն չէ խոստովանում հանցանքը, այլև դրվատում է նրան իբր մի առաքինություն, գայթակղեցնում է անփորձ սրտերը` յուր օրինակին հետևելու կամ յուր հանցանքի մեծությունը ծածկելու համար զրպարտում է յուր շրջապատողներին` մեղադրելով նրանց ծանրագույն հանցանքների մեջ, այդպիսի հանցավորին, ասում են, ոչ միայն չպետք է ներել, այլև անհրաժեշտ է պատժել ամենածանր պատիժներով. հակառակ դեպքում մի հատ չարիքը հարյուր նոր չարիքներ կծնե...։ Իմ և քո թագավորը, բարեկամ, այս վերջին տեսակի հանցավորների թվին էր պատկանում։ Ես պարտավոր էի նրան պատժել. այդ պահանջում էր իմ արժանապատվությունը, իմ ծնողական և մարդկային պարտավորությունը։ Ես պետք է միանգամայն վերցնեի նրան աշխարհի երեսից. այդպիսով գայթակղության