Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարը վերցված կլիներ մեջտեղից... Եվ այդ դժվար գործ չէր ինձ համար։ Եվ մի՞թե կարծում ես, թե մեծ կորուստ կունենայինք. բնա՛վ. հայոց արքայական գահը, միամիտ եղիր, թափուր չէր մնալ։ Թագավորը, միևնույն է, ժառանգ չունի. նրա աթոռը վաղ թե ուշ պիտի յուր եղբայր Աբասը պայազատե. ուրեմն որքան շուտ, այնքան լավ։ Գուցե այդպիսով շատ բան դեպի լավը փոխվեր։ Բայց ևս հիմարացա։-«Պաշտպանե՛նք դեռ գահը վտանգից, մտածում էի ինքս ինձ. վատ գործը ամեն վայրկյան կարող ենք անել. պատիժը ամեն րոպե կարող ենք չափել. աշխատենք դեռ գահի փրկության համար...»։ Եվ ես հետաձգեցի պատիժը։ Կարծում էի, թե դժվարին չէ «ընծու փոխել զխայտուց և եթովպացւոյ զսևութիւն»...։ Կարծում էի, թե իմ ներողամտությամբ, իմ անհիշաչարությամբ կարող եմ կակղեցնել ապառաժ սիրտը կամ հարություն տալ մեռած ու դիակնացած խղճին։ Եվ ահա՛, երբ ես այս մտքերով էի զբաղված, Աշոտ-Երկաթը կալանավորեց Սյունյաց Վասակ իշխանին, իմ բարեկամին, և դրավ նրան յուր Կայյան բերդում։ Ի՞նչն էր նրան կալանավորելու պատճառը, ասա՛, տե՛ր Մարզպետունի. անշուշտ քեզ, իբրև արքայի մտերմին, հայտնի է այդ խորհրդավոր պատճառը։

-Իսկ քեզ մի՞թե անհայտ է։

-Ես կամենում եմ, որ ինքդ ասես։

-Սյունյաց Վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի գեմ լարված դավադրության մեջ։

-Ո՞ր դավադրության։

-Այն, որ Աշոտ բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներ ափխազաց Գուրգենը կազմել էին միասին։

-Բարեկամ, խիղճը մի կողմ թողնենք և խելքով դատենք։ Աբասը և Գուրգենը վաղուց միացած էին թագավորի դեմ. այդ հայտնի է, ինչպես և հայտնի է դրա պատճառը.-Գուրգեն Ափխազի դուստրը, Աբաս արքաեղբոր կինը, կամենում էր թագուհի դառնալ դեռ իմ դստեր կենդանության ժամանակ: Հպարտ ափխազուհին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե հայոց թագուհին հայ իշխանական տան աղջիկ պիտի լինի և թե ինքն արդեն գոհ պիտի լինի նրանով, որ թագավորի հարսը և նրա եղբոր ամուսինն է։ Չէ, ինչպե՞ս կարելի է.