Էջ:Muratsan, vol. 4.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա կամենում էր անպատճառ թագուհի լիներ: Իսկ տղամարդիկ, հո գիտես, կանանց ստրուկներն են. այդ ստրկության պայմանն արդեն նախահայր Ադամն է ստորագրել։ Եվ ահա երիտասարդ Աբասը միանում է յուր աներոջ հետ` հարազատ եղբորը գահընկեց անելու կամ նրան սպանելու համար։ Արքայազնը, անշուշտ, շատ էր սիրում կնոջը, չէր կարող անկատար թողնել նրա խնդիրը։ Դրա հետ էլ միացրու այդ երիտասարդի բնական փառասիրությունը, և այնուհետև կպարզվի դավադրության պատճառը։ Փեսա ու աներ, ինչպես գիտես, իրենց զորքերով դիմեցին Երազգավորս` թագավորին բռնելու կամ սպանելու։ Այդ չհաջողվեց նրանց։ Աշոտը օր առաջ տեղեկացել էր դավադրության մասին և յուր ընտանիքով խույս տվել Ուտիք։ Դավադիրներն եկան և իրանց «խոփը քարին առած» տեսնելով` Երազգավորսը ավարի առան և հեռացան։ Այդպե՞ս է թե ոչ։

-Այո՛, այդպես է։

-Է՛, Աշոտ֊Երկաթը հո չէր կարող այդ անարգանքը տանել. նա էլ գնաց ափխազաց իշխանի երկրներն ավերեց։ Երկու կողմից կռիվն անընդհատ շարունակվում էր։ Ճշմարիտ է, ամեն ճակատամարտումն էլ Աշոտ թագավորը հաղթող էր հանդիսանում, բայց այդ միևնույն է. չէ՞ որ հայոց զորքերից էլ շարունակ ջարդվում էին. մանավանդ որ Աբաս արքաեղբայրն էլ աներոջ հետ էր և յուր զորքերն էլ հայ կտրիճներից էին։ Ահա՛ այս ավերմանց ու կոտորածի առաջն առնելու համար իմ բարեկամ Վասակ իշխանը միջնորդ դարձավ երկու պատերազմող կողմերի համար և ամեն ջանք գործ դնելով՝ հաշտեցրեց թագավորը յուր եղբոր և նրա աներոջ հետ։ Այսպե՞ս է թե ոչ։

-Այո՛, այդպես է։

-Արդ, նույն Վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, տասն անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել ու հաշտություն էր կայացրել, միթե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանա՞ր. այսինքն՝ այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ բռնավորի ընկերակցությամբ...։

-Ո՛չ, չպետք է ընկերանար. չէր կարող ընկերանալ,