Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդպես էլ մենք ամենքս էինք մտածում։ Բայց փաստը հակառակն ապացուցեց։ Վասակ իշխանի մոտ գտան Աշոտ բռնավորի նամակը, որով նա շնորհակալություն էր անում իշխանին այն բանի համար, որ նա աշխատել էր կայացնել այդ հաշտությունը ա՛յն նպատակով, որ միջոց տա Ափխազիո իշխանին և իրան ու Աբասին հզորապես պատրաստվելու և միանամայն Աշոտ թագավորին հաղթահարելու. որովհետև մինչև այն` իրրև թե թագավորի զորքերը հակառակորդների անպատրաստությունից էին օգտվում և հաղթություն տանում։

-Դե՛հ, այժմ քեզ եմ հարցնում, իշխան, կարելի՞ էր հավատալ այդ նամակի իսկությանը։ Աշոտ բռնավորը պատերազմում էր թագավորի դեմ, որովհետև ինքն էր կամենում երկրին տիրել։ Աբասն ու Գուրգենը պատերազմում էին, պատճառը բացատրեցի թե ինչո՛ւ։ Վասակ իշխանն ի՞նչ թշնամություն ուներ յուր թագավորի և քեռու հետ։ Միևնույն չէ՞ր նրա համար, թե քեռիներից ո՛րն է թագավորում, Աշո՞տը թե Աբասը։ Չէ՞ որ նա ավելի անդրանիկ եղբոր և օրինավոր թագավորի կողմը կլիներ։

-Այդ այդպես է. բայց նամակն ինքս կարդացի։ Նա Աշոտ բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանակից հանեցին։

-Դու բոլորն ասացի՛ր, դե՛հ, այժմ ինձ լսիր։ Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն։ Թագավորը կամենում էր առակել թագուհուն՝ իմ աղջկան. կամենում էր արատավորել Գարդմանա Տան անբիծ անունը և ահա՛, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը։

-Ինչպե՞ս, այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ։

-Ձեզ համար, այո՛, միայն Վասակի դավադրության խնդիրը կալ. բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր։

-Ի՞նչ։

-Թագավորը հայտնում էր ինձ, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ...

-Ի՞նչ հարաբերություններ։