նա։ Ո՞րն է ադյոք իշխանի հանցանքը։ Եվ նա ահա թե ի՛նչ է գրում ինձ։
Այս ասելով իշխանը ծափ զարկեց։
Ներս մտավ իսկույն մի ծառա։
-Կանչի՛ր այստեղ գրագրին,-հրամայեց իշխանը:
Մի երկու վայրկյանից ներս եկավ գրագիրը։
-Գնա՛, հանի՛ր իմ գրապանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ։
Գրագիրը գնաց և քիչ ժամանակից ետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին։
-Այժմ դու գնա,-հրամայեց իշխանը գրագրին, և նա հեռացավ։-Ա՛ռ, բա՛ց արա այս նամակը և կարդա՛։ Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա,- ասաց իշխանը, նամակը Մարզպետունուն տալով։
-Քո խոսքն ինձ համար ճշմարտություն է. ի՞նչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու,-պատասխանեց Մարզպետունին, չկամենալով նամակը բանալ։
-Չէ՛, իշխան, դու թագավորի մտերիմն ես, իմ էլ, անշուշտ, անկեղծ բարեկամը, կվայելե, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար` ավելի հիմնավոր միջոցների դիմես և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գալ` Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու։
-Կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ,-ասաց իշխանը, և նամակի երիզն ու կնիքը լուծելով` բացավ մագաղաթը։
-Բա՛րձր կարդա. ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել։
Իշխանը կարդաց հետևյալը.
«Աշոտ շահնշահ հայոց թագավորից`
Գարդմանա տեր և իշխան Սահակ Սևադային ողջույն։
Ստացա քո սիրելության գիրը, որով խնդրում ես ինձ տեղեկացնել քեզ իմ ազգական և քո բարեկամ Սիսական Վասակ իշխանին կալանավորելու և Կայյան բերդը ղրկելու պատճառը։ Այդ պատճառը որքան որ ծանր է և բարյացապարտ մի հոր սրտի խաղաղությունը վրդովող, դարձյալ ես ստիպված