Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ամրոցներ ուներ. կարող էր մեզ դնել նրանցից մեկի մեջ և պահապաններ կարգել մեզ վրա. ինչո՞ւ անպատճառ կուրացնել. ինչո՞ւ երկու մարդու, յուր իսկ հարազատների արևը հավիտյան խավարեցնել... Ինչպե՞ս կարողացավ նա դահճին այդ անագորույն հրամանը տալ... Ես դեռ ոչինչ. հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել, երջանիկ ժամեր եմ անցրել և վերջապես հանցանքներ եմ գործել, որոնց համար գուցե արժանի էի պատժի, բայց իմ խեղճ զավակը, երիտասարդ, ծաղիկ հասակում, դեռ նորապսակ, դեռ սիրտը հույսերով լի, դեռ փառքի հետամուտ, ինչո՞ւ, ինչո՞ւ նրան էլ կուրացրավ. չէ՞ որ նա ոչ մի հանցանք, ո՛չ մի մասնակցություն չուներ այն դժոխային խռովությունների մեջ, որոնք ալեկոծում էին իմ թշվառ և յուր դաժան սիրտը, և որոնք մեզ միմյանց դեմ զինեցին։ Մի՞թե, վերջապես, նա ամենափոքր գութ անգամ չուներ յուր թագուհու և ամուսնու, իմ տարաբախտ դստեր վրա, նրա, որ այնքան ջերմագին սիրում էր իրան...։ Ասում ես, որ կասկածում էր ապագա ապստամրությունի՞ց... Լավ, մի՞թե կույրը չէ՞ր կարող վրեժխնդիր լինել։

-Չէր սպասում։

-Չէ՞ր սպասում. լա՛վ, այժմ թող տեսնե, թե ինչ կարող է անել կույր վրիժառուն։ Գնա՛ և հայտնի՛ր թագավորիդ, որ ես տանջվում էի յուր հաջողությունները լսելով։ Երբ իմացա, որ յուր Աբաս եղբոր և Աշոտ բռնավորի հետ հաշտվել է և նրանց հետ միասին նորեն Դվինը գրավելով` ուրախության տոնախմբություններ է կատարում, բորբոքվեցա չարախնդության կրակով, սիրտս «վրե՜ժ» էր գոռում, և ես լսեցի նրա ձայնին։ Հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ-Ամրամին, հայտնեցի նրան յուր կնոջ և թագավորի` միմյանց հետ ունեցած սիրահարական գաղտնիքները, վառեցի, բորբոքեցի նրա սրտում թունավոր նախանձի, թշնամության ու վրեժխնդրության անշիջանելի բոցը, ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ. միացա նրա հետ և ես։ Իսկ մեզ հետ կմիանան շուտով ուրիշ շատերը։ Այն ժամանակ թող քո թագավորը պինդ բռնե յուր գահը և տեսնե, թե կույր վրիժառուի բազուկները կսասանե՞ն նրան թե ոչ...։