-Այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից,-վշտահար նկատեց Մարզպետունի իշխանը։
-Ո՛չ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից։
-Թագավորը չի հաղթահարվիլ: Ահա՛ նա գալիս է եթերացոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ-Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են։ Գուցե նաև կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել։
-Ո՛չ, արդարադատ աստված չի հաջողիլ նրան. ես գուշակում եմ և դու կտեսնես, որ այս անգամ, գոնե, աստուծո բազուկը կպատժի նրան...
ԿՈՒՅՐ ԱՉՔԸ ԿՆԵՐԵ, ԿՈԻՐ ՍԻՐՏԸ ՉԻ ՆԵՐԻԼ
Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին Մարզպետունու վրա։ Չնայելով` որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե «ահա՛ թագավորը կգա եգերացոց զորքերով, կվանե Ցլիկ-Ամրամին կամ կսպանե Դավիթ որդուդ, և այլն», այսուամենայնիվ, Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին։ Նա որքան քաջ, նույնչափ և բարեպաշտ ու երկյուղած էր. նա հավատում էր, որ աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է, օրհնությամբ կամ անեծքով նրանց հայցած խնդիրները։ Այս պատճառով մի գաղտնի, և մինչև այն իրան անծանոթ, կասկած պաշարեց յուր սիրտը: Նախազգացմու՞նք էր այս թե նախապաշարման ազդեցություն, հարկավ, նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և որ աստված, թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես, պատժում է հանցավորներին.. Նա մտածում էր, որ թագավորը կարող էր հաղթվել, որ ապստամբները կարող էին ցրել եգերացիներին... Եվ այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու` օտար զորքերով... Իսկ այս անպատվության կհաջորդեին, անշուշտ, նոր կոտորածներ, նոր ավերումներ... ։