Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բեռներ գլխին թափելով` տասնյակ հոգի վրան նստեցին, երբ վերջապես դյուցազնի շունչը հատցնել չկարողանալով` նրա անդամներն սկսան հոշոտել և վերջը խաչի վրա տարածել...

Սևադան լուռ էր։

-Ոչինչ չարավ. նա ասաց. «Տե՛ր, ընդունի՛ր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, և նրա փոխարեն` փրկի՛ր իմ ժողովուրդը պատուհասից...»։ Նա ասաց. «Լաւ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերայ ժողովրդեանս և մի՛ ամենայն ազգս կորիցէ...», և հոժարությամբ հանձն առավ նահատակությունը։ Դու էլ, իշխան, ընդունիր, թե չարագործ հագարացու մինն է քեզ կուրացրել և այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուսնուդ հիշատակը, հարսիդ ողբերը և փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը և հոգին վրդովելու...։ Հագարացի գազաններին աղաչել, համոզել անկարելի էր, նրանց հոգվո ծարավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին աստված այդ հոգին չէ տվել, ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին, պիտի լսե իմ աղաչանքին և հավատա, որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ։

Սևադան լուռ էր մի քանի վայրկյան, հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց.

-Ի՞նչ է քո պահանջն ինձանից, Գևորգ իշխան։

-Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին, և ետ կանչես Ուտիքից թե՛ Աղվանից և թե՛ Գարդմանա գնդերը։

Սևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել։ Սենյակում մի առ ժամանակ լռություն տիրեց։

Բայց Գևորգ իշխանն զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնության։

Եվ ահա՛, վերջապես, Սևադան խոսեց.

-Դու ինձ համոզեցիր, տեր Մարզպետունի, իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում. ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ։ Թո՛ղ այդպես լինի. ես թողնում եմ վրեժխնդրությունը...։ Բայց բռնկած ապստամբությունը խաղաղելու համար կա և մի ուրիշ արգելք, որ