լուրջ և մինչև անգամ ահարկու կերպարանք։ Նա ամբողջապես զրահազգեստ էր։ Հագած ուներ պողպատից հյուսած վերտ, կրծքին` փայլուն լանջապանակ, կոներին` բաղպաններ, ոտքերին` սռնապաններ, իսկ ազգրին` ծանր, արծաթապատ սուր: Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվաձև գարդմանակ և որը զարդարված էր սև, թավամազ ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա։
Հանկարծ սեպուհը լսեց մի վիճաբանության շշուկ, որ տեղի էր ունենում յուր վրանի առաջ։
-Ո՞վ է այդտեղ,-գոչեց նա ներսից հզոր ձայնով։
-Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տե՛ր, բայց չի կամենում վաղակավորն ու վահանը ձգել,-պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին։
-Ո՞վ է այդ համառը, թողե՛ք որ գա,-հրամայեց սեպուհը։
Եկողը Եզնիկն էր։ Նա յուր երկարաբուն նիզակը հանձնեց պահապանին և ներս մտնելով վրանը, խորը գլուխ տվավ իշխանին։
-Ո՞վ ես դու,— հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով։
-Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը,-պատասխանեց Եզնիկը։
-Դու չգիտե՞ս, որ իրավունք չունիս սրով ու վահանով իշխանի վրանը մտնելու:
-Երբե՛ք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը, տեր իմ։
-Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չե՞ս կատարած։
-Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել,-պատասխանեց Եզնիկը փոքր-ինչ այլայլված:
Սեպուհը ժպտաց։
-Ի՞նչ ունիս ինձ հայտնելու,-հարցրեց նա։
-Իշխանը հրամայեց ինձ` ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր սեպուհի հետ։
-Գևորգ իշխանն այստե՞ղ, մեր բանակո՞ւմն է։