-Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին։
-Գնա՛, ասա՛, թող շնորհ բերե,-պատվիրեց իսկույն սեպուհը և ապա կանչելով պահապանին` հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին` ընդառաջել իշխանին։
Իսկույն մի խումբ զրահավորներ պատրաստ ձիանը աշտանակելով՝ դիմավորեցին իշխան Մարզպետունուն բանակից դուրս և առաջնորդեցին նրան սեպուհի վրանը։
-Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց Մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին ու հավատարմին, երբե՛ք....-ասաց սեպուհը ջերմագին ողջունելով իշխանին և հրամցնելով նրան մի փոքրիկ եռոտանի աթոռ։
-Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում,-ժպտալով պատասխանեց իշխանը։
-Բարերախտաբա՞ր. ի՞նչ կնշանակե այդ։
-Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին։
-Բարեկամներին, այո՛, բայց դու թշնամու վրանում ես։
-Ո՛չ, Մարզպետունին հայ թշնամի չունի. նա այդպիսի թշնամի չի ճանաչում։
-Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն։
-Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես..
-Բարեկամ... Դժոխքը տանե նրան... իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան` երբեք,-ուժգին բացականչությամբ ընդհատեց սեպուհն իշխանին։
Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսավ դիտել սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից։
-Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ... այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ...-մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը։
-Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից,-խոսել սկսավ սեպուհը` նույնպես մեղմությամբ,-վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ. եթե դու մեզ հաշտեցնելու