Էջ:Muratsan, vol. 4.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձն առել։

-Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից...

֊Ես չեմ ապստամբել իմ թագավորից,-ընդհատեց սեպուհն իշխանին.-հիշում ես, թե ինչպե՛ս անձնվիրաբար էի ծառայում նրան։ Քանի՜-քանի՜ անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի՛ վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի, ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի. ո՞ր մեկը հիշեմ...

-Եվ նա քեզ պարտապան չմնաց. իշխան կարգեց ամբողջ Ուտիքի և Սևորդյաց աշխարհի վրա. հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ... Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից ու պատրաստի զորքերից և ապստամբության դրոշակ բանալով` սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ:

-Երբե՛ք, իմ թագավորի, մի՛ ասիր այդ, այլ իմ անձնական թշնամու...

-Անձնական թշնամի՞... մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին,-նկատեց իշխանը` իբրև թե սեպուհի խոսքերը չհասկանալով:

-Իշխա՛ն, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով` ինչ որ ես քեզ ասացի, ավելին խոսել չեմ կարող։

-Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ։ Գիտեմ, թե առհասարակ ինչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ ապստամբիլ նրա դեմ...

-Գիտես, այնպես չէ,-ընդհատեց հանկարծ սեպուհը,֊փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն. ի՞նչ ես կարծում, դրանցից մեկը չէ՞, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին...

-Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորիդ դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես։

-Այդ սպառնալի՞ք է քո կողմից, իշխա՛ն։