Էջ:Muratsan, vol. 4.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ո՛չ, այլ լոկ խնդիր, աղաչանք...

-Զարմանում եմ. Մարզպետունյաց տերը խնդրում, աղաչում է սեպուհ Ամրամին... Այդպիսի խոնարհություն չեն ունեցել, կարծեմ, Մարզպետունի նախարարները... Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա՞ թաքնված այդ խնդրարկության մեջ։

-Լսի՛ր, Ամրամ սեպուհ. Մարզպետունի նախարարները հպարտ էին ավելի քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը. մի՞թե այդ մի արատ է նրա համար։

-Բնա՛վ, երանի նրան, ով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին։

-Եվ, ահա՛ հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ։ Կարո՞ղ ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ։

-Ո՛չ:

-Ուրեմն լսի՛ր ինձ. կակղացրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի կամ երկու օրից հետո։

-Չեմ կարող։

-Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք ու հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք իշխաններդ մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերի՞ն։

-Իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչո՞ւ այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը։

-Հայրենիքի թշնամու դեմ կռվելը, նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է, այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի, բայց եղբայրասպանությունը մի ոճիր է, աստծուց և մարդկանցից անիծված։

Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոհ, սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները։ Ապա մի վայրկենից ետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով` մեղմ ձայնով ասաց.