Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԲ

ԱՆԱԿՆԿԱԼ ՎԱԽՃԱՆ

Աշոտ արքայի բանակը, որ գլխավորապես կազմված էր եգերացոց թագավորի հեծելազորից, հետզհետե մոտենում էր հայոց սահմանին։ Նրա հառաջապահ գնդերը հասել էին արդեն այն հովտին, ուր վերջանում էին Սևորդյաց անտառները և ուր կարկաչահոս Խրամը, յուր ծոցն առնելով Զորագետի վտակը, թափվում էր հանդարտահոս Կուրի մեջ։

Այստեղ, գետի ափին բանակած` նրանք զբաղված էին մոտալուտ հարձակման պատրաստությամբ։ Մի քանի օր էր, ինչ Ձորագետի կուսական անտառները մերկանում էին իրանց բազմամյա զարդերից։ Հինավուրց մայրիներն ու կաղամախիները սրաբերան տապարների հարվածներին չդիմանալով` ահագին ճարճատմամբ խոնարհում, ընկնում էին, ինչպես մեռնող հսկաներ և իրանց ծանրամարմին բուների տակ ճնշում ու ջարդում մատաղ ծառերն ու ընձյուղները։ Մոտակա գյուղերից հավաքած եզանց լուծերով շարունակ դեպի Կուրի ափն էին կրում հսկայական գերաններ։ Այդտեղ լաստագործ եգերացիք ուռենու դալար ոստերից հյուսած լախտերով կապկպում, միացնում էին այդ գերանները և նրանցից մեծամեծ լաստեր կազմելով գետն իջեցնում։ Երբ լաստերի թիվը մի քանի տասնյակների հասավ, լաստավարներն սկսան միացնել այդ բոլորը պարաններով և հետզհետե դեպի հանդիպակաց ափը մղել։

Այսպիսով լաստ լաստի միացնելով և ամենը միասին գետափի վրա ցցած բիրերին կապելով` կազմեցին մի ապահով կամուրջ, որի վրայով հեծելազորն սկսավ հետզհետե հայկական սահմանն անցնել։

Շուտով հասավ և Աշոտ թագավորը եգերացոց վերջապահ գնդերով։ Միօրյա հանգստությունից ետ նա հանդես արավ յուր զորքերին։

Մի քանի հազարից կազմված հեծելախմբերը բռնեցին գետափի ուղղությամբ ձգվող դաշտավայրը բազմաթիվ շարքերով,