որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի իշխանազն զորավար։
Այդտեղ էին եգերացիք, խաղտիացիք, քուրյալցիք, մկրելցիք, ապազցիք և Ճորոխի ձորահովտում բնակվող քաջերը։ Նրանց միացել էին նաև Տայոց նահանգի հայ հեծելախմբերը։ Այսպիսով թագավորն առաջնորդում էր մի հզոր բանակի, որին, ըստ երևույթին, չպիտի կարենային դիմադրել ապստամբները։ Դրանք բոլորն էլ հուժկու, հաղթանդամ և քաջամարտիկ զորականներ էին, ամենքն էլ հագած երկաթե զրահներ և պաշտպանված երկաթագամ լանջապաններով, թիկնապահ տախտակներով, խոշոր և ահարկու սաղավարտներով և երկաթե դիմակալներով։ Նրանք զինված էին միաժամանակ թե՛ աշտեներով ու սվիններով, որոնց հեռվից ձգում էին թշնամու վրա, և թե՛ երկար նիզակներով, որոնցով կռվում էին հակառակորդի հետ` մոտ եղած ժամանակ։ Ունեին թեթև վահաններ և ծանր, քառակուսի ասպարներ. զինված էին սրերով և վաղակավորներով։ Կային և նետաձիգ գնդեր, որոնք կռվում էին լայնալիճ աղեղներով և թունավոր նետերով։
Հանդես կազմելով զորքին յուր սահմանի վրա, թագավորը կամեցավ հավաստիանալ, թե արդյոք այդ հեծելազորը յուր արտաքին կազմության և ահարկու տեսքին համեմատ ունի՞ նաև ռազմական հմտություն և կարո՞ղ է ուտիացոց ու սևորդյաց զորությունն ընկճել։
Տեղի ունեցող փորձերը համոզեցին թագավորին` թե եգերացիք արժանի էին իրանց հռչակին։ Նա ուրախ էր, որ ափխաղաց այդ տոհմական թշնամիներով պիտի կարողանար կրկին մի խրատական դաս տալ Բեր իշխանին, որ Ափխազիայից եկել էր Ուտիք` յուր ապստամբ իշխաններին օգնելու համար։
Սակայն չնայելով այս բոլորին, չնայելով և այն հաջողությանը, որին հանդիպեց արքան եգերացոց երկրում` ստանալով նրա թագավորից օգնական զորք այնպիսի մի ժամանակ, երբ ինքը մնացել էր մենակ և կարոտ զորավոր բարեկամի օգնության, այսուամենայնիվ, մի ներքին տխրություն ճնշում էր նրա սիրտը։