Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն միտքը, թե ինքը մտնում է յուր երկիրը օտար զորքերով, և մտնում է յուրայինների դեմ կռվելու համար, տանջում էր նրան սաստիկ։ Բացի հայ զորաց կոտորածը, որ տեղի պիտի ունենար անշուշտ թե՛ հաղթության և թե՛ պարտության դեպքում և որի մասին մտածելն անգամ վիշտ էր պատճառում նրան, թագավորը ճնշվում էր նաև ամոթից, այն մասին, որ ինքը մենակ էր, որ յուր մոտ չկային գեթ մի քանի հայ իշխաններ, որոնք յուր վանանդացի թիկնապահների հետ միասին արքայական շքախումբը կազմեին։ Նա ամաչում էր եգերացի իշխաններից և նույնիսկ նրանց զորքերից։ Բայց աշխատում էր միշտ ուրախ երևալ և դեմքի վրա ժպիտ ունենալ:

Թագավորին անհանգստացնում էր նաև այն միտքը, թե ինչո՞ւ մինչև այն Մարզպետունին չերևաց: Ի՞նչ դրության մեջ էր արդյոք երկիրը. նոր խռովություն հո չէ՞ փրթել մի տեղ կամ որևէ հարձակում չէ՞ եղել յուր բերդերի վրա։

Զորահանդեսը վերջացնելուց և վրանը վերադառնալուդ ետ՝ թագավորն զբաղված էր այս մտքերով, երբ յուր բարապանը, որ վանանդացի հավատարիմներից մինն էր, ներս մտնելով հայտնեց Գևորգ Մարզպետունու գալուստը։

Թագավորն ուրախությունից վեր թռավ տեղից, կարծեմ մի նոր և մեծ զորություն օգնության հասավ իրան վտանգի վայրկենին։

-Ո՞ւր է, կանչիր այստեղ,-հրամայեց նա իսկույն և ուրախ անհանգստությամբ սկսավ անցուդարձ անել վրանում։

Մարզպետունին ներս մտավ և ողջունեց արքային խոնարհությամբ։ Վերջինս, սակայն, գրկեց նրան ինչպես շատ տարիներից ի վեր չտեսած յուր մի սիրելուն։

-Ոչ ոք յուր կյանքում այսպես տենչանոք չէ սպասել քեզ, իշխան, ինչպես որ այժմ սպասում էի ես,-ասաց թագավորը ժպտալով։ -Որտեղի՞ց և ինչպե՞ս հասար այստեղ. մենա՞կ ես թե զորք ունիս հետդ, ի՞նչ են անում ապստամբները. ի՞նչ դրության մեջ են մեր գավառները...-իրար ետևից սկսավ հարցեր անել թագավորը և ապա նստելով բազմոցի վրա՝ իշխանին էլ առաջարկեց նստելու։ -Անշուշտ