Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապա թե hանցանքներ բարդելով նրա վրա` կաթողիկոսարանը գրավել։

Այս պատճառով հայրապետը, որ մինչև այն ապրում էր Այրիվանքի ներքին այրերում, այն է` անապատականների միաբանության մեջ, ուր վիմափոր եկեղեցիներն ու ընդհանուր կացարաններն էին, ելավ, քաշվհցավ յուր հավատարիմներով դեպի վերին Վանքը, ուր անասուններն էին պահում։

Այդտեղ անբնակ և խավարչտին այրերի մեջ թաքնվելով` կաթողիկոսը հույս ուներ ազատ մնալ Նսըրի հետապնդությունից և փրկել յուր հետ բերած հայրապետական հարստությունները, որոնք մեծ մասամբ սրբությանց ժողովածուներ և նախնի գահակալների չժառանգած թանկագին իրեր էին։

Կաթողիկոսի կարծիքով թշնամին չէր մոտենալ այդ անշուք վայրերին, ուր գրաստներ էին դարմանում, և ուր մուրացիկ խուժանն էր ապրում։

Բայց երբ հետզհետե հասնող լուրերից երկյուղը զորացավ, նրա մերձակաները խորհուրդ տվին իրան հեռանալ Այրիվանքից և ապաստանել Գառնո ամրոցին, ուր այդ ժամանակ ապրում էր թագուհին։

Կաթողիկոսին հաճելի էր հետևել այդ խորհրդին. բայց յուր դռան եպիսկոպոս Սահակը, որ լուրջ և իմաստուն մարդ էր, հակառակեց նրան` ասելով.

-Ժողովուրդն արդեն բամբասում է քեզ, Վեհափառ հայր, թե դու անտեր ես թողել Դվնո կաթողիկոսարանը և քո անձի ապահովության համար ապաստանել Այրիվանքի ամրություններին։ Այժմ էլ եթե Գառնի փոխադրվես, կգրգռես քո դեմ նույնիսկ կղերի զայրույթը։

-Եթե մի անգամ արդեն հեռու եմ կաթողիկոսարանից, կարող եմ լինել և Գառնիում. ինչո՞ւ այս առթիվ պիտի կղերը գրգռվի,-հարցրեց կաթողիկոսը եպիսկոպոսին։

-Այստեղ մնալու համար դու պատրվակ ունիս, Վեհափառ տեր. այդ այն է, որ դու հովանավորում ես Այրիվանքի հռչակավոր և բազմամարդ ուխտին։ Իսկ Գառնիում