Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրում են թագուհին և ազատանի կանայք. նրանք պետք չունին քո հովանավորության։

Կաթողիկոսը գլուխը կախեց և սկսավ մտածել։ Եպիսկոպոսի առարկությունը արդարև բանավոր էր։ Կաթողիկոսը պարտավոր էր յուր ուխտի հետ լինել և ոչ թե ամրոցաբնակ տիկնանց։ Բայց մոտալուտ վտանգի երկյուղը ճնշում էր նրա սիրտը։ Նրա բարեկազմ, հաղթանդամ և արտաքուստ զորավոր մարմնի մեջ ապրում էր մի տկար սիրտ և երկչոտ հոգի։ Նա թեպետ սրտագին սիրում էր յուր հոտը և միշտ աշխատում էր նրա բարվույն համար, բայց դրա հետ միասին սիրում էր յուր անձը և հետևապես վտանգի չէր ենթարկում նրան, եթե հոտի շահը պահանջում էր այդ։ Նա հայրենիքի հարազատ որդին և նրա երջանկության անկեղծ բարեկամն էր։ Բայց եթե այդ երջանկությունը ձեռք բերելու համար պետք էր լինում զոհել թագավորող անձի կամ զորեղ իշխանի դեպի ինքն ունեցած բարեկամությունը, նա տատանում էր և, վերջ ի վերջո, այդ բարեկամության կորուստը խնայում։ Նա ազգի օգտին գործում էր բարիքներ երբեմն միայն փառք վաստակելու համար. իսկ շատ անգամ էլ` որպեսզի յուր փառքը չաղարտե, նա արգելք չէր դնում հասնող չարիքներին։ Նա չուներ ո՛չ զորեղ կամք, ո՛չ հաստատ բնավորություն և այդ պատճառով էլ նրա վրա հավասար ազդեցություն ունեին թե՛ մեծը և թե՛ փոքրը, թե՛ տկարը և թե՛ զորավորը, թե՛ խարդախ բանսարկուն և թե՛ իմաստուն խորհրդականը։ Զորավոր մարդու կամ դեպքի յուր վրա արած ազդեցությունը ջնջում էր միշտ զորավորագույնը։ Իսկ շատ անգամ էլ պատահում էր հակառակը, նայելով թե ո՛րն է վերջին անգամ յուր ուժը փորձել նրա վրա։

Յուր Դռան եպիսկոպոսի վրա, սակայն, կաթողիկոսը մեծ համարում ուներ. նա հարգում էր նրան իբրև առաքինի և իմաստուն մարդու։ Եվ այդ պատճառով, չնայելով, որ արհավիրների մասին հասնող լուրերն անհանգստացնում էին իրան, այսուամենայնիվ որոշեց լսել նրա խորհրդին և մնալ Այրիվանքում յուր հոգևոր ուխտի հետ։

Բայց ահա` հասավ այդտեղ կաթողիկոսարանի Գևորգ