անունով սարկավագը, որ հաղորդեց Վեհափառին տխուր և սպառնական նորություններ։
-Նսըրն եկել է արդեն Դվին, կապած բերելով յուր հետ Սյունյաց Սահակ և Բաբգեն մեծ իշխաններին, որոնց և դրել է բանտում։ Նա կալանավորել է նույնպես Դվնո հագարացի իշխաններին` թվով քառասուն հոգի,-ասաց սարկավագը։
Կաթողիկոսը երկյուղից այլագունեց։ Կապյալները հայտնի և նշանավոր իշխաններ էին. ինչպե՞ս կարող էր Նսըրը կալանավորել նրանց, մանավանդ Դվնո իշխաններին, որոնցից ոմանք ամիրապետի սիրելիներն էին։ Այդ նշան էր, թե ոստիկանը հրահանգներ ունի ստացած հալածանքներ հարուցանելու։
-Ո՞ւր և ինչպե՞ս կալանավորեց նա Սյունյաց իշխաններին,-հարցրեց կաթողիկոսը սարկավագին։
-Ոստիկանի Նախիջևանում եղած ժամանակ,-ասաց սարկավագը,-Բաբգեն իշխանն ընծաներով եկել էր նրա մոտ և բողոքել յուր եղբոր` Սահակի դեմ, իբր թե վերջինս զրկել է իրան ժառանգությունից և խնդրում էր Նսըրին` օգնել, վերադարձնել իրան հայրենի ժառանգությունը։ Ոստիկանն ուրախությամբ ընդունում է Բաբգենի խնդիրը և հրավեր է ուղարկում Սահակ իշխանին` գալ իրան այցելության։ Վերջինս կասկած չունենալով Նսըրից, ընծաներով գալիս է նրա մոտ։ Ոստիկանը երկու եղբորն էլ սիրով պահում է Նախիջևանում մի քանի օր և ապա առաջարկում նրանց յուր հետ միասին գնալ Դվին, որպեսզի այդտեղ վերջացնե նրանց ժառանգության գործը։ Իշխանները համաձայնում են։ Բայց հենց որ ելնում են Սյունյաց նահանգից և հասնում Դվին, այդտեղ ոստիկանը, փոխանակ ժառանգության գործը վերջացնելու, երկուսին էլ կալանավորում ու բանտարկում է։
-Անշուշտ նրանց երկիրը գրավելու նպատակով, այսպես չէ՞, Սահակ սրբազան,-դարձավ կաթողիկոսը դեպի Դռան եպիսկոպոսը, որ կանգնած լսում էր սարկավագի բերած նորությունները։
-Այդպես է, Վեհափառ տեր. ոստիկանը չէր կարող գրավել Սյունիքը, եթե նրա իշխաններին չկալանավորեր։
-Հարկավ, չէ՞ որ ազատ իշխանը կարող է զորք