Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Որ թաքնված Ներքին խուցերից մինում, անշուշտ հարմար առիթի է սպասում մեզ վնասելու...

-Բայց ո՞վ է դա,- անհամբերությամբ հարցրեց պատանին։

-Օրիորդ Շահանդուխտը։

Իշխանիկը Ժպտաց և շառագունեց. բայց թագուհին ու իշխանուհին սկսան ծիծաղել։

-Իսկ այժմ ո՞րտեղից ես գալիս, ուրախ լուր չե՞ս բերել մեզ,- հարցրեց կրկին թագուհին։

֊Այո՛, տխուր լուր չէ հաղորդելիքս,- պատասխանեց իշխանիկը։ -Վեհից երկրորդ պատգամավոր եկավ, որ հայտնում է, թե հայրապետն այլևս չէ գալիս մեր ամրոցը։

-Եվ պատճառը՞։

-Պատճառը չհայտնեց պատգամավորը, որովհետև ամրոցի դուռը փակ էր, ես աշտարակի պատուհանից էի խոսում նրա հետ։ Թագուհու ուրախ տրամադրությունը կրկին խանգարվեց. նա ընկավ մտածության մեջ։ «Արդյոք ի՞նչ տարօրինակ և գուցե տխրառիթ նորություն էր պատահել, որ կաթողիկոսը գիշերանց գալիս էր Գառնի և այժմ ի՞նչն է ստիպում նրան` յուր մտադրությունը թողնելու,- մտածում էր նա ինքն իրան.- արդյոք Ուտիքից մի տխուր լո՞ւր առավ, թե թշնամիների մոտալուտ հարձակման մասին մի բան է լսել...»

-Բայց ինչո՞ւ համար ասացիր, թե տխուր լուր չէ հաղորդելիքդ, մի՞թե Վեհի գալուստն անհաճո է քեզ, -հարցրեց թագուհին։

-Այո՛, թագուհի,- կտրուկ պատասխանեց իշխանիկը:

-Զարմանում եմ...-ասաց թագուհին և մի տարակուսական հայացք ձգեց պատանու վրա։

Իսկ բերդակալը դեմքը խոժոռեց, կարծես վախենալով Գոռի նոր ասելիքներից, որոնք կարող էին յուր առ կաթողիկոսն ունեցած սրբազան զգացմունքը վիրավորել, հրաման խնդրեց թագուհուց և ողջունելով նրան` հեռացավ դահլիճից։ Մարզպետունի իշխանուհին այդ նկատեց և վշտանալով որդու անհամեստ պատասխանի վրա, շտապով հարցրեց նրան.