Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Եվ թագուհուն, այնպես չէ՞. այդ չէի՞ր ուզում ասել։

-Այո՛, մեծափառ տիկին։

-Թագուհին այլևս հետամուտ չէ փառքի, այլ հոգվո հանգստության... Անցան այն ժամանակները, երբ իմ իղձերի լրումը Աշոտի հաղթություններն էին կազմում, երբ իմ հոգին սավառնում էր նրա հաղթական դրոշի շուրջը... Այդ ժամանակ, այո, փառքի մեջ էի որոնում իմ երջանկությունը, որովհետև երիտասարդ էի և անփորձ։ Իսկ այժմ այդ փառքն ատելի է դարձել ինձ, որովհետև նրա շնորհիվ իմ ամենաթանկագին երջանկությունը կորցրի։

-Մի՞թե մի դժբախտություն է հասել իմ թագուհուն,-հարցրեց Մարզպետունին տարակուսելով։

-Դժբախտությու՞ն... Ո՛չ. ես շատ երջանիկ եմ. այդ գիտես դու, գիտե Մարզպետունի իշխանուհին, գիտեն իմ պալատի կանայքը, իմ նաժիշտները... Այո՛, դուք ամենքդ գիտեք, բայց կամենում էիք, որ ես չիմանամ... Այնպես չէ՞, տեր Մարզպետունի,-հարցրեց թագուհին հեգնաբար ժպտալով։

-Ես...չգիտեմ... մեծափառ տիկին, ինչի՞ մասին է խոսքդ։

Թագուհին սևեռեց յուր աչքերը իշխանի վրա և մի վայրկյան լուռ նայելուց ետ մեղմ ձայնով ասաց.

-Ուշ է արդեն, իշխան, մի հոգար այլևս իմ սրտի անդորրության մասին։ Ես կարող էի տանել իմ վիշտը, եթե իմանայի, թե նա անհայտ է աշխարհին։ Բայց քանի որ աշխարհն ինձանից առաջ է ծանոթացել նրան, ծածկելն այլևս օգուտ չի բերիլ։ Դու մի՛ զարմանար, որ քո բերած լուրն ինձ ուրախացրեց։ Այդ ուրախությունը խավարող հուսո վերջին ճառագայթն էր, որ փայլեց իմ երեսին, գուցե, վերջին անգամ...

-Հուսո՞... ի՞նչ հույս ունիս դու անհաջողության վրա, մեծափառ տիկին,-հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։

-Ինչ հու՞յս. լսի՛ր, քեզ կասեմ։ Մինչև այժմ իմ ամուսնու մեջ ես թագավորն էի որոնում, նրա հաջողություններով ուրախանում, նրա փառքերով պարծենում... Կարծում էի, թե դրանք են միայն, որ երջանկություն պիտի բերեն ինձ: