Էջ:Muratsan, vol. 4.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այժմ... այժմ տեսնում եմ, թե որքա՜ն խաբված եմ եղել ես, թե ինչպե՜ս հաղթանակների աղմուկը, դափնիների փայլը, գահույքի շուքը, արքայական պերճությունները հատել, ցամաքեցրել են իմ երջանկության աղբյուրը. թե ինչպես այդ ամենի մեջ ես կորցրել եմ իմ ամուսնուն, համայն աշխարհի մեջ միակ սիրածս Աշոտին... Եվ այժմ, երբ տեսնում եմ, թե բախտը երես է դարձրել նրանից, երբ տեսնում եմ, թե հանցավոր սիրո պատճառով աստված նախատինք է ղրկում նրան, ես ուրախանում եմ, որովհետև հավատում եմ, թե գուցե հաղթված թագավորի, անարգված գահակալի մեջ գտնեմ վերջապես իմ կորցրած ամուսնուն, զարթեցնեմ նրա մեջ խիղճը... շունչ տամ, թերևս, նրա մեռած սիրուն...:

-Երբեք, մեծափառ տիկին, երբեք չէի հուսալ, թե մեր ընդհանուր դժբախտության միջոցին դու քո վիշտը կհիշեիր...-նկատեց Մարզպետունին, ցանկանալով թագուհու տխուր զրույցն ընդհատել:

-0՜, դու զարմանո՞ւմ ես, ուրեմն, սիրելի իշխան, որ ընդհանուր դժբախտության ժամանակ ես իմ անձն եմ տեսնում և իմ թշվառությունը ողբում։ Զարմանու՞մ ես, որ թագավորի պարտությամբ հայրենիքին հասանելիք վտանգը ինձ չէ սարսափեցնում. որ անտերության մատնվող ժողովրդի թշվառությունն իմ սիրտը չէ հուզում... Մի՛ զարմանար, անբնական ոչինչ չկա այստեղ: Ես մի սիրտ ունեի, որ նվիրված էր Աշոտ դյուցազնին: Նա այդ սիրտը ջախջախեց` իմ սերը դավաճանելով։ Այդ դեպքից հետո ես դարձա անզգա. իմ կրծքի տակ, սրտի փոխարեն, թաքնված է այժմ մի դիակ, միթե կարելի՞ է պահանջել, որ դիակը շնչե, կամ զգա... Ես, այո՛, սիրում էի իմ ժողովուրդը, սիրում էի իմ հայրենիքը ջերմ, անսահման սիրով, պատրաստ էի զոհել նրան ամենը, ինչ որ ունեի թանկագին և անփոխարինելի, պատրաստ էի զոհել նրան նույնիսկ իմ կյանքը... Բայց այդ Ժամանակ Աշոտն ինձ հետ էր. նրա շունչը բոցավառում էր դեպի հայրենիքն ունեցած իմ սերը. նրա հոգին թևապարում էր իմ շուրջը և մարմնավորում իմ լավագույն մտածությունները... Այժմ նա չկա. Աշոտը մեռավ ինձ համար և նրա հետ միասին կործանվեց այն աշխարհը, փլեց այն երկինքը, որ ամփոփում էի