Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես այդ դյուցազնի մեջ... O՜, մի՛ մեղադրեք ինձ. մի՛ նախատեք իմ թշվառությունը և մանավանդ թե` խնայեցեք... Ոչինչ, ոչինչ մի՛ պահանջեք մի թշվառ, լքյալ և նվաստացյալ կնոջից...։

Այս խոսքերի վրա թագուհին հանկարծ փղձկեցավ և թաշկինակն աչքերին սեղմելով սկսավ արտասվել։

Իշխանը նայում էր նրան լուռ և տխուր, զգում էր խեղճ կնոջ վշտի մեծությունը, նրա ներքին, հոգեկան տանջանքները և սակայն չէր կարողանում նրան մխիթարել։

Երկար լուռ սպասելուց ետ նա վերջապես հիշեց, որ Վահրամ սեպուհն սպասում է իրան և որ ինքն ու նա խորհուրդ ունեին թագուհուն հայտնելու։ Խնդրի կարևորությունը և ժամանակի սղությունը չէին ներում իրան թագուհու վշտերով երկար զբաղվելու, ուստի նա մի քայլ առաջ անցավ և համոզկեր ձայնով սկսավ խոսել.

-Քո վշտերը, մեծափառ թագուհի, վաղուց հայտնի էին ինձ, բայց դրանց մասին քեզ հետ խոսել չէի համարձակվում, որովհետև ինձ արգելում էին նախ՝ պատշաճից օրենքը և երկրորդ այն միտքը, թե խոսելով ոչ մի շահ չպիտի բերեմ իմ տիրուհուն։ Եթե այս մտածությունը մի հանցանք է եղել, ապա հրամայիր պատժել ինձ ամենածանր կերպով. իսկ եթե ոչ, լսիր քո ծառայի խոնարհ խորհրդին...

-Ի՞նչ ես կամենում ասել,-հարցրեց թագուհին թաշկինակը արտասվաթոր աչքերից հեռացնելով։

-Վշտերի մասին հիշել ու տխրելն ավելորդ է այլևս, մեծափառ տիկին, ով որ կարողանում է արիաբար համբերել, նա էլ ընկճում է բախտի կամակորությունը։ Անցյալն անդարձ է, այդ դու գիտես, այժմ ապագայի մասին պիտի հոգանք...

-Ի՞նչ, դու կարծում ես, թե նորեն պիտի կարողանա՞ս արքայիդ յուր ընտանիքի գիրկը դարձնել,-ընդհատեց հանկարծ թագուհին։

-Յուր ընտանիքի գի՞րկը. այո՛։

-Ի՞նչ ձևով, ի՞նչ եղանակով. նա ինձ չէ սիրում...։

Իշխանը կանգ առավ և սկսավ տարակուսական հայացքով դիտել թագուհուն։