Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ինչո՞ւ կաթողիկոսի գալուստը անհաճո է քեզ։

-Եթե մայր֊թագուհին կհրամայե ինձ անկեղծորեն խոսել...

-Խոսի՛ր, ամեն հանցանքներից թեթևը անկեղծորեն խոսելն է,-ասաց թագուհին։

-Տխրում եմ, որովհետև նա գալիս է մեր ամրոցը ո՛չ մայր֊թագուհուն այցելելու և ո՛չ մեզ օրհնելու...

-Գո՛ռ, զգուշությամբ խոսիր,-ընդհատեց մայրը որդուն` հանկարծական հուզմունքից շառագունելով։

-Գոհար իշխանուհի, թո՛ղ որ նա յուր միտքն ազատորեն հայտնե,-նկատեց թագուհին ծանրությամբ։

-Անկեղծորեն խոսելու համար չպետք է զգուշության ուշ դարձնել, մայրի՛կ, ես խոսում եմ իմ թագուհու և մոր առաջ։ Այո՛, կրկնում եմ, կաթողիկոսը գալիս է ո՛չ թե մեզ օրհնելու, այլ Գառնիում ամրանալու։

-Ինչպե՞ս թե ամրանալու,-հարցրեց թագուհին։

-Անշուշտ նա լսել է, որ հարձակում է պատրաստվում մեր լեռների վրա, և ահա՛ ապաստանում է Գառնիին։

-Եթե նա լսել է այդպիսի բան, ապա ուրեմն խոհեմություն է անում մեր ամրոցը գալով,-նկատեց իշխանուհին։

-Ոչ, մայրի՛կ, նա չպետք է յուր միաբաններին անհույս ու անօգնական ձգե Այրիվանքում և միայն յուր անձի փրկության համար հոգա։

-Իսկ դու այդպիսի մի բան լսե՞լ ես,-հարցրեց թագուհին անհանգստությամբ։

-Ոչ, թագուհի, ես այդպես ենթադրում եմ։

-Բայց պետք է խոսել ապացույցների և ոչ թե ենթադրությունների վրա հիմնված,-ծանրությամբ նկատեց իշխանուհին։

-Մայր֊թագուհի, կհրամայե՞ք ինձ պատասխանել,-դարձավ Գոռը թագուհուն։

-Խոսի՛ր,-պատասխանեց վերջինս։

-Ապացույցն այն է, մայրի՛կ, որ Վեհը Յուսուփի տեղակալից, մի որևէ Նսըրից վախենալով, անտեր է թողել Դվինի կաթողիկոսարանը և ապաստանել Այրիվանքի ծործորներին։