-Գուցե դու մի ուրիշ բան գիտես, գուցե նա քեզ խոստովանել է, որ զղջում է արդեն... ասա՛, իշխան, ասա՛, ոչինչ մի՛ ծածկիր ինձանից։
-Մենք միմյանց չհասկացանք, մեծափառ թագուհի։
-Ինչպե՞ս. արքայի մասին չէ՞ քո խոսքը։
-Այո՛:
-Ուրե՞մն։
-Ես ասացի, թե ապագայի մասին պիտի հոգանք. դու ինձ ընդհատեցիր, ապա կամենում էի հարել, թե այժմ մեծ ցավեր ունինք, նրանց հոգը պիտի քաշենք։
-Ասացիր` արքային յուր ընտանիքի գիրկը պիտի դարձնես...
-Այո՛, մեծափառ տիկին, այդպես ասացի. բայց չէ՞ որ աստված նրա ընտանիքի սահմանն ընդլայնել է շատ. արքայի ընտանիքը համայն ազգն է կազմում։ Նրա գիրկը պիտի դառնա նա։
Թագուհին մի անհանգիստ շարժում արավ և աթոռի մեջ ուղղվելով դժգոհ եղանակով հարցրեց.
-Մի՞թե թագավորն այդ ընտանիքի գրկում չէ գտնվում այժմ։
-Ո՛չ:
-Ինչպե՞ս. չասացի՞ր թե նա Ամրամի հետապնդություններից փախչելով հասել է Կաքավաբերդ և նստել այնտեղ։
-Այդպես ասացի։
-Է՜, Կաքավաբերդը Սյունիքում չէ՞. Սյունիքը Հայաստանի նահանգը չէ՞:
-Այդպես է, մեծափառ տիկին. բայց թագավորը չէ կամենում այլևս վերադառնալ Ոստան. նա քաշվել է Կաքավարերդ` այդտեղից երբեք չելնելու պայմանով։
-Ի՞նչ նորություն է այդ, չեմ հասկանում։
-Թագավորը հուսահատ է սաստիկ. Ամրամի երեսից փախուստ տալը ամոթահար է արել նրան. «Այսուհետև, ասում է, ես ո՛չ սուր կհանեմ, ո՛չ գահույք կբարձրանամ. իմ իշխանները ամոթապարտ կացուցին ինձ աշխարհի առաջ,