Էջ:Muratsan, vol. 4.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թո՛ղ նրանք ուրեմն պատասխանատու լինին իմ երկրի ավերման»։

-Իշխանները... մի՞թե իշխանները ամոթապարտ կացուցին նրան,-դառնությամբ հարցրեց թագուհին։

-Հապա էլ ո՞վ... Եթե նրանք միաբան լինեին թագավորի հետ, Ցլիկ-Ամրամը չէր համարձակվիլ ապստամբել, ափխազցիք չէին միանալ նրա հետ...

-Ի՜նչպես մոռացկոտ ես դու, իշխան,-ընդհատեց թագուհին.-մի՞թե չես հիշում մոտիկ անցյալը։ Չէ՞ որ երկու ամիս առաջ ամենքն արդեն արքայի հետ էին։ Աբաս տագրս ու Աշոտ սպարապետը հաշտված էին, նախարարներով բարեկամ էին. և այդ ընդհանուր միության շնորհիվ էր, որ թագավորը կրկին Դվինն առավ և հագարացիներին այդտեղից հալածեց։ Դուք մինչև անգամ հաղթության տոներ կատարեցիք Դվինում։ Եվ սակայն Ամրամը հենց այս հաջողության ժամանակ ապստամբեց...: Ի՞նչն էր պատճառը։

Մարզպետունին լուռ նայում էր գետնին։

-Դու չե՞ս կամենում պատասխանել:Ես կասեմ-պատճառն այն էր, որ իմ և քո թագավորը հեռացել էր արդեն առաքինության ճանապարհից, որ նա անխղճաբար կործանել էր յուր և ընկերոջ ընտանիքը և աստված պատժեց նրան հենց այն ժամանակ, երբ նա կարծում էր, թե ինքն արդեն ամենազոր է և թշնամիներից ապահովված, թե նա կարող է գործել ամեն չարիք և մնալ անպատիժ։ Նույնիսկ այն միջոցին, երբ բախտը հաջողեց նրան մայրաքաղաքն այլազգիներից թափելու, նա, փոխանակ աստծուն գոհության պատարագ մատուցանելու, փոխանակ դեպի Երազգավորս, յուր ընտանիքի գիրկը վերադառնալու և այս թշվառ, խոցոտյալ սիրտը մի փոքր մխիթարելու, նա դարձյալ դիմում էր դեպի Ուտիք, որպեսզի Դվնո մեջ ունեցած հաջողությանց խրախճանին մասնակից անե Ցլիկ-Ամրամի կնոջը, Սևորդյաց Ասպրամին... Եվ ահա հենց այդտեղ աստուծո ձեռը ծանրացավ նրա վրա. դեռ Ուտիքին չհասած` լսեց, որ Ամրամն ապստամբել է իրանից... Այդ գույժը նրան չվախեցրեց. նրա հպարտ հոգին աստուծո առաջ չխոնարհվեց, նա դիմեց եգերացիներին և զենքի ուժով կամեցավ վանել այն արդար