Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անզոր. մեզ շրջապատող այս խորաձորը երևում է իբրև հովիտ, դյուրամատույց ամենքին... վերջապես մեր զորքերի թիվը ես գտնում եմ նվազ. մարտիկների եռանդը՝ ոչ բավական դյուրավառ. բերդակալի աշխույժը՝ գրեթե մարած.. Այդ պատճառով ահա՛ դադար չունիմ օր ու գիշեր. աշխատում եմ ինքս, աշխատեցնում եմ զորականին։ Այն միտքը, թե Շահանդուխտը գտնվում է Գառնիում և թե պետք է նրա թանկագին կյանքը ապահովել, լցնում է իմ սիրտը արիությամբ։ Երբ արշալուսին ելնում եմ դղյակից, զգում եմ իմ մեջ մի անպարտելի ուժ, մի անսպառ զորություն։ Ես հասնում եմ աշխատությանց վայրը զորականից շատ առաջ։ Դիտում, քննում, հետազոտում եմ այն բոլոր անցքերը, որոնք կարող են մատչելի լինել թշնամուն և աշխատում եմ, որ այդ բոլորը կորստյան գուբեր ու անդունդներ դարձնեմ նրա համար։ Կամենում եմ, որ Գառնո պարիսպները կրկնապատիկ ստվարացնեմ, որ բուրգերն ու աշտարակները կրկին չափով բարձրացնեմ, որ ամեն ինչ և ամեն վայր դառնա անառիկ ու անմատչելի...։ Եթե դու մի անգամ մեր ամրոցն ու պահակավայրը շրջագայես, կտեսնես, թե որքան շատ գործեր են կատարվել, որքան մեծ զորություն է ամբարվել դրանց շուրջը... Եվ այս բոլորը միայն քեզ համար... իմ անգին, իմ աննման Շահանդուխտ..։

Եվ այս ասելով երիտասարդը առավ նազելի օրիորդի աջը և երկյուղածությամբ սեղմեց յուր շրթունքներին։ նա չընդդիմացավ։

«Միայն քեզ համար... աննման Շահանդուխտ... օ՜, որքան երջանիկ եք դուք...», շշնջաց դարձյալ թագուհին և արտասուքի կաթիլները գլորվեցան նրա դալկահար դեմքի վրա։

-Բայց ինչո՞ւ միայն ինձ համար. չէ՞ որ դղյակում ապրում են թագուհին, քո և իմ մայրերը, ուրիշ իշխանազն տիկնայք ու օրիորդներ և, վերջապես, չէ՞ որ Գառնին լիքն է ժողովրդով,-նկատեց օրիորդը ժպտալով։

-Այո, դրանց բոլորի կյանքը թանկ է ինձ համար, նույնիսկ վերջին գեղջկուհին պիտի վայելե իմ պաշտպանությունը, ինչպես իմ հարազատ քույրը. բայց ոչ մեկը դրանցից չէ