Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում էր Վարդանը յուր զորքերին, -զի եթե աստված մեզ օգնե, մենք նրանց կսատակենք և ճշմարտության կողմը կբարձրանա։ Բայց եթե հասած է մեր մեռնելու ժամը, ապա ավելի լավ է, որ մեռնենք սուրբ կռվի մեջ և քաջության հետ վատություն չխառնենք...»: Եվ նրանք քաջաբար կռվեցին, բազմաթիվ թշնամիներ սատակեցին և իրանք էլ քաջությամբ մեռան` սրերը ձեռքներին, հարվածները կրծքի մեջ... բայց նրանց անունը անմահ մնաց մինչև այսօր և անմահ պիտի մնա հավիտյա՜ն... Ո՞վ կիմանար աշխարհում, թե եղել են Վարդանանք, եթե նրանք երկչոտությամբ միայն իրանց անձն ապրեցնեին։ Չէ՞ որ նրանցից առաջ և հետո ապրել և մեռել են միլիոնավոր մարդիկ, ո՞վ է դրանց անունը հիշում։ Իսկ Վարդանանց քաջերին չեն մոռանում, որովհետև նրանք կռվել ու մեռել են ամենասուրբ գործի` հայրենիքի ազատության համար։ Դուք էլ ահավասիկ կամենում եք հավասարվել Վարդանանց, դուք էլ նրանց նման պատրաստվել եք եկեղեցու և հայրենի ազատությունը պաշտպանելու, դուք էլ կամենում եք անմահ անուն ժառանգել ազգի մեջ... Ուրեմն մի՛ վախենաք թշնամու զորությունից, նրա ահավոր պատրաստությունից։ Ձեր դատն արդար է և կռիվն իրավացի, իսկ աստված զորավիգ է լինում արդարության։ Եթե մինչև անգամ մահ հասնե ձեզ այս կռվում, ուրախությամբ ընդունեցեք նրան, զի դրա փոխարեն երկնքում անանց կյանք, իսկ երկրում անմահ անուն պիտի ժառանգեք։ Այս հանդիսավոր ժամուն և աստուծո սեղանի առաջ ես էլ կրկնում եմ սուրբ Ղևոնդ Երեցի այն խոսքերը, որ նա ուղղեց Վարդանանց քաջերին. «Մի՛ թուլութեամբ լքանիցեմք, եղբարք, այլ պնդութեամբ սրտիւ և հաստատուն հաւատով կամակար յարձակեսցուք ի վերայ թշնամեացն, որ յարուցեալ գան ի վերայ մեր։ Մեր յոյս մեզ կրկին երևի. եթե մեռանիմք` կեանք, և եթե մեռուցանեմք, մեզ նոյն կեանք առաջի կան...»։ Մոտեցեք ուրեմն ճշմարտության և սուրբ իրավանց համար մեռնող Փրկչի մարմնին ու արյան, հաղորդվեցեք նրան և այդ հաղորդությունը թող արիացնե ձեր սրտերը, սուժ տա ձեր բազկին և հաղթություն՝ ձեր սրին...։ Երբ պատարագիչ սրբազանը ս. հաղորդության սկիհբ