ձեռին խոնարհեց բեմի վրա, զորքերը կարգով առաջ եկան և հաղորղվեցան։ Նրանց հետևեց ամրոցի ժողովուրդը սկսած փոքրից մինչև մեծը, որովհետև ամենքն էլ պատրաստվում էին օրհասական կռվի։
Փոքր ժամանակից ետ զորքերն արդեն պարսպի և մարտկոցների վրա էին։
Արևն պրդեն բարձրացել էր, երբ թշնամու նախահարձակ գնդերն ամրոցի շուրջը պատեցին և սկսան նետաձիգ լինել դեպի պարսպի հայ զինվորները։ Վերջիններս պատասխանեցին նրանց նույն զենքով։
Ապա հետզհետե մոտեցան կանոնավոր խմբերը, որոնց մի֊մի շարքը ասպարափակ անելով` ծածկում էր թե՛ իրան և թե՛ հետևող խմբերին։ Վերջիններս այդպիսով պատսպարված` նետաձիգ էին լինում անընդհատ։ Այդ դեպքում պաշարյալներին պաշտպանում էին միայն պարսպի ատամները։
Մի առ ժամանակ հակառակ կողմէրն զբաղված էին այս հանգիստ տուրևառով։ Բայց ահա մոտեցրին պարսպին մի ստվարագլուխ խոյ։ Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի ահագին գերան, որ հաստ շղթաներով կախված էր անիվների վրա ամրացրած մի ծածկի առաստաղից և գլխին հագցրած մի հաստ ու սրածայր երկաթ։ Այդ կախարանավոր գերանը պարսպին մոտեցնելով` նրա ետևից չվանով քաշում էին տասնյակ մարդիկ և հանկարծ բաց թողնելով` երկաթե գլուխը զարկում պատին։ Այդպիսով նրանք քարերը խախտելով աշխատում էին պարիսպը կործանել։
Ուրիշ կողմերից մոտեցնում էին բաբաններ ու պալիստրներ` լարած արջառի ամուր ջիղերով։ Դրանց վրա դնում էին ահագին քարեր և ուժգին թափով զարկում պարսպի շուրթերին:
Պարսպահար գործիների շուրջը վխտում էին բազմաթիվ զորքեր։ Նրանցից ոմանք գործիներն էին շարժում, ոմանք գործավորներին պատսպարում և ոմանք գործիների դեմ խիզախող մարտիկները վանում։
Բայց հազիվ առաջին խոյը սկսել էր յուր հարվածները և ահա պարսպի վրայից թափեցին նրա վրա կրակված կապարի հեղեղ և նավթով թաթախուն խոտի խրծիկներ, որոնք խոյի տախտակե ծածկը վառելով, ահագին հրդեհ առաջացրին: