Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սքողող ոսկենկար բաճկոնակը։ Արձակեցին նույնպես մարգարտյա վարսակալը, որ ամփոփում էր նրա մազերը հունական տարազով։ Հարուստ հյուսերը ոսկե կապերից ազատվելով` ալեծածան սփռվեցան նրա կիսամերկ ուսերի և կրծքի վրա։

Կիսով չափ հանվելով, թագուհին նստեց մահճի վրա և պահանջեց յուր սաղմոսարանը։

Նաժիշտներից մինը մոտեցավ քնարանի սնարին և այդտեղ դրված փոքրիկ դարակից հանելով ոսկեկազմ և ակունքներով զարդարած մի գիրք, համբուրեց այն և տվավ թագուհուն, ընդնմին մոտեցնելով նրան ճրագարանը:

-Այժմ արդեն գոհ եմ, գնացեք և հանգստացեք, այս գիշեր ինձ մոտ կմնա Սեդան,- ասաց թագուհին նաժիշտներին։

-Բայց մի՞թե չէիր կամենալ մի բան ճաշակել,- գորովալից ձայնով և հոգատար եղանակով հարցրեց Սեդան, մոտենալով թագուհուն։

-Ճաշակել... Ո՛չ։

-Կամ ըմպել մի գավաթ օշարակ։

-Լա՛վ, բերեք ինձ զովացուցիչ մի բան,- ասաց թագուհին, կարծես կամենալով շնորհ անել դայակին։

Նաժիշտները դուրս գնացին թագուհու հրամանը կատարելու։

Առանձնարանի մեջ լռություն տիրեց։ Թագուհին բացավ սաղմոսարանը` իբր թե կարդալու համար, բայց նրա աչքերը խաղում էին գրվածքի վրա մեքենայաբար, նա ոչինչ չէր կարդում, այլ միայն այդպիսով կամենում էր հեռացնել յուր աչքերը Սեդայից, որպեսզի մինչև նաժիշտների գալն ու վերադառնալը ո՛չ մի զրույց չսկսե նրա հետ։ Բայց նա շնչում էր անհանգիստ և յուր կուրծքը, փոթորկելու մոտեցած ալիքի նման, անընդհատ բարձրանում և իջնում էր։ Վերջապես վերադարձան նաժիշտները, բերելով իրանց հետ արծաթե սկուտեղի վրա ոսկե գավաթով զովացուցիչ օշարակ, որ պատրաստված էր մրգերի հուզից ու մեղրաջրից, այլև Արարատյան այգիների ընտիր պտուղներ։

-Այժմ ազատ եք,- ասաց թագուհին նաժիշտներին, երբ նրանք բերածները դրին սեղանի վրա։