Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Նա էլ թագավորի հետ է։

Իշխանը, որ մինչև այն նստած էր աթոռի վրա, վեր կացավ տեղից և սկսավ անցուդարձ անել սենյակի մեջ։ Նա ոչինչ չէր խոսում, բայց դեմքն արտահայտում էր հուզում և վրդովմունք։

Երկար անխոս ճեմելուց ետ նա կանգ առավ հանկարծ սենյակի մեջ և աչքերը սեպուհի վրա սևեռելով՝ հարցրեց.

-Վա՛հրամ, ի՞նչ ես մտածում այժմ անելու։

Սեպուհը չպատասխանեց. նա միայն ուսերը շարժեց։

-Ի՞նչ ես մտածում անելու. պատասխանի՛ր,-կրկնեց իշխանը։

-Եթե զորք ունենայինք, եթե իշխաններից գոնե մի երկուսը միանային...։

-Զորք չունինք և իշխանները չեն միանում... այդ արդեն գիտենք... Ուրիշ ի՞նչ գիտես, ա՛յն ասա։

-Էլ ուրիշ ի՞նչ ասեմ, մենք միայնակ ենք. «մի ճեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ»։

Իշխանը մի քայլ առաջ անցավ, ձեռքը դրավ սրին և գլուխը վեր բարձրացնելով՝ հպարտ-հպարտ նայեց սեպուհի վրա։

-Էլ ուրիշ ոչինչ չե՞ս կարող ասել,-հարցրեց նա կրկին:

-Ոչինչ,-պատասխանեց սեպուհը։

-Իսկ ես կասեմ, որ «մի ձեռը ծափ կտա» և «մի ծաղկով գարուն կգա»։

Սեպուհը ժպտաց։

-Անկարելի է, տեր Մարզպետունի։

-Հաստատուն կամքի և անձնվեր աշխատության առաջ անկարելի ոչինչ չկա։

-Մենք ամեն բան արինք և սակայն չշահեցանք ոչինչ:

-Մենք երկուսս միասին, այո՛, ամեն բան արինք. բայց ես, Մարզպետունի իշխանս, ամեն բան չարի. ես դեռ ուրիշ պարտք ունիմ կատարելու։

-Ի՞նչ է մնում քեզ այլևս անելու։

-Այդ մասին կհայտնեմ ես վաղը, հրապարակով, բոլոր ամրոցական զորքերի և Գառնիին ապաստանող իշխանազունների առաջ։