Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հորդորե բաժանված իշխաններին միանալու, անշուշտ նրանք արքայի շուրջը կժողովվին։ Եվ ահա՛ այդ պաշտոնը հանձն առանք ես և ազնիվ սեպուհ Վահրամը։ Երկար ճանապարհորդեցինք, ամբողջ Շիրակը, Աղձնիքը, Մոկաց աշխարհը և Վասպուրականը շրջեցինք. բոլոր իշխաններին այցելեցինք. ամենքին խնդրեցինք, հորդորեցինք՝ որ միանան և թև թիկունք լինին արքային, պաշտպան՝ հայրենիքին ու գահին, բայց ո՛չ ոք մեզ լսեց և ո՛չ ոք մեր խնդիրը հարգեց։ Ամեն մի իշխան յուր զորքերով ու պաշարով ամրացած է մի անառիկ բերդի մեջ. ամեն ոք այդտեղ ապահով ապրում է յուր համար։ Բայց թե երկրի ժողովուրդը մնացել է անխնամ ու անպաշտպան, թե գահը մնացել է թափուր և արքան դարձել աստանդական, այդ մասին ոչ ոք չէ մտածում։ Նույնիսկ կաթողիկոսը միայն յուր փրկության համար հոգալով, շարունակ մի ամրոցից դեպի մյուսն է փախչում։ Նա էլ զլանում է հասարակաց օգտի համար հոգալու։ Եվ այս ամենի արդյունքը լինում է այն, որ ոստիկանը գրավում է մայրաքաղաքը, որ Բեշիրը քանդում ու ավերում է Այրիվանքը, գրավում է Բյուրականը, կոտորում ժողովուրդը, նահատակում է հոգևորականներին, և այսուհետև էլ գնալով ավելի պիտի ընդարձակե յուր ավերումների շրջանը։

Այս ամենը տեսնելով թագավորը, ավելի ևս հուսահատվում և Կաքավաբերդից քաշվում է Սևան։ Այն դյուցազնը, որ մի օր թշնամու ահն ու սարսափն էր, որ չէր ընկճվում ոչ մի զորության առաջ, որ չէր խուսափում ոչ մի վտանգից, այժմ ապաստան է որոնում հոգևոր հայրերի խուցերում, որովհետև այլևս հույս չէ տածում յուր զինակիցների վրա...: Ամո՜թ մեզ, հայեր, ամո՜թ, ո՛վ զինակիցներ...

-Ի՞նչ անենք մենք, ի՞նչ կարող ենք անել...-ձայն տվին այս ու այն կողմից։

-Ի՞նչ կարող ենք անել... լավ հարց է. լսեցեք, ես պիտի պատասխանեմ։ Մեր արդի դրությունը հայտնի է ձեզ բոլորիդ։ Հայրենիքը, ժողովուրդը, արքայական և կաթողիկոսական գահերը վտանգի մեջ են. այդ գիտեք։ Գիտեք և այն, որ ես ձեր բոլորի կողմից, ողջույն հայության կողմից դիմեցի կարող իշխանների օգնության, աղաչեցի, պաղատեցի