Էջ:Muratsan, vol. 4.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց` սպառնացող վտանգի առաջն առնել, ոչ ոք ինձ լսեց, ոչ ոք ինձ ընկերացավ։ Դատապարտո՞ւմ եք այդ մարդկանց թե ոչ։

-Այո՛, այո՛, դատապարտում ենք,-ձայն տվին այս ու այն կողմից։

-Բարի։ Այժմ ուրեմն դառնում եմ դեպի ձեզ, ո՛վ Գառնո զինվորք և ժողովուրդ, դառնում եմ նույն խնդիրքով ու առաջարկությամբ, որ մեր իշխանները մերժեցին. այդ իմ վերջին պարտքն է, որ կատարում եմ. լսեցեք։ Գառնին ամուր է և անառիկ. թշնամին նրան վնասել չէ կարող, եթե միայն մատնիչները չդավաճանեն, և եթե պաշարը չսպառի։ Մատնիչներ չեմ ճանաչում այստեղ, իսկ պաշար շատ ունինք։ Թողնենք ուրեմն Գառնո մեջ միայն մի հարյուր պահակ. Մուշեղը նրանցով կարող է շատանալ։ Իսկ մնացյալ զինվորներին, պետերին ու առաջնորդներին առաջարկում եմ հենց վաղվանից ընկերանալ ինձ և դաշտն իջնել։ Ես ձեզ բոլորիդ խմբերի կբաժանեմ, առաջնորդներ կկարգեմ, հրահանգներ կտամ։ Բեշիրը հրոսակների խմբեր է պատրաստում արքայական գավառներն ավարելու համար. մենք դրանց կհանդիպենք և զատ-զատ կջարդենք։ Չի անցնիլ մի ամիս և մեր բանակը կստվարանա։ Առաջին հաղթանակին կհաջորդե երկրորդը, երրորդը և հազարավոր զինվորներ ինքնակամ հոժարությամբ կգան, կժողովվին մեր դրոշակի տակ... Այնուհետև մեր հաջողությունը հույս կներշնչե նաև թագավորին. նա նորեն դեպի յուր գահը կդառնա, նորեն յուր զորքի գլուխ կանցնի և իշխանները իրանք կմիանան նրան... Այս փառքը, ո՜ դառնեցիք, մենք կարո՛ղ ենք ժառանգել. օ՜ն ուրեմն, դեպի գործ...։

Իշխանը լռեց և աչքերը հածեց այս ու այն կողմը, տեսնելու համար, թե ով է արձագանք տալիս իրան։

Բայց բոլորը միանման անխոս էին և անշարժ։ Երկու հոգի միայն իրանց հրացայտ աչքերը հառել էին իշխանի վրա և շրջապատի լռությունից գրգռված՝ բոլորի փոխարեն, կարծես, կամենում էին թռչել դեպի նրան։ Դրանցից մինը Գոռն էր, որ կանգնած էր զինվորականների հետ, և մյուսը՝ Շահանդուխտը, որ գտնվում էր իշխանուհիների խմբում։