Էջ:Muratsan, vol. 4.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց Գևորգ իշխանը դրանց չէր որոնում. նա հինավուրց զինվորների և նրանց առաջնորդների ձայնին էր սպասում։ Սակայն երբ տեսավ, որ նրանք լուռ են և շատերը, մինչև անգամ, աշխատում են իրանց հայացքը նրանից թաքցնել, մեղմ ձայնով շարունակեց.

-Չէի սպասում, թե այստեղ, Գառնիումն էլ այսքան շատ երկչոտների կհանդիպեմ։ Ուրեմն չկան ձեր մեջ գեթ հարյուր հոգի, որոնք ապացուցանեին, թե քաջերի զավակ են իրանք։

-Տե՛ր իշխան, ի՞նչ կարող է անել հարյուրը: Թո՛ղ հազար զինվոր ունեցողը գոնե ասպարեզ իջնե և մենք միանանք նրան-ձայն տվավ մի երիտասարդ հարյուրապետ։

-Ո՛վ որ շատերի ուժն է պտրտում, ապացուցանում է, որ ինքը վատարանց մեկն է, -գոչեց Մարզպետունին։ -Ո՛չ մի զինվոր, եթե իրոք նա զինվոր է, չպետք է սպասե ընկերին, երբ հայրենիքը վտանգի մեջ է գտնվում։ Ո՛վ որ ուժ ունի կռվելու, ո՛վ որ կարող է հարված տալ թշնամուն կամ մի նետ ուղղել նրա կրծքին և սակայն թաքչում է պարսպի տակ կամ ձեռքը ետ քաշում, նա մի մատնիչ է։ Կամենո՞ւմ եք ապրել, կամենո՞ւմ եք կյանք վայելել, բարի. էլ ինչո՞ւ համար եք զենք կրում, ինչո՞ւ անպատվում եք սուրն ու երկաթը։ Դե՛ն ձգեցեք դրանց, առեք ձեռքներիդ մուրացկի եղեգը և գնացեք կանգնեցեք ամիրաների դռանը, գուցե նրանք շնորհանեն ձեզ իրանց ստրուկների թվում կարգելու...։

Զորքերն ու պետերը մնացին ապշած, նույնիսկ իշխանազունները չէին հավատում իրանց ականջներին։ Ոչ ոք մինչև այդ չէր լսել իշխանից որևէ ծանր խոսք կամ մի վիրավորանք. ի՞նչ էր պատահել այժմ, ինչո՞ւ այդ աստիճան վրդովվել էր նա։ Չգիտեին։ Շատերն սկսան իրար նայել. մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին առաջ գալու և նրան իրանց դժգոհությունը հայտնելու։ Բայց իշխանի հրացայտ հայացքը ամեն մի շարժում յուր տեղը մեխեց։ Նա լռեց մի վայրկյան, շուրջ հածեց աչքերը և Վահրամ սեպուհին դառնալով գոչեց.

-Տե՜ր սեպուհ, երեկ ասում էիր ինձ, թե «մի ձեռը ծափ չի տալ», «մի ծաղկով գարուն չի գալ». քո խոսքը կրկնում