սքեմին, և գլխին դրած հասարակ խույր, որպիսին ծածկում էին անապատականները իրենց խուցերում։ Պարթև հասակը և սիգաճեմ գնացքը միայն ցույց էին տայիս, որ անծանոթը վանական մթնոլորտին անընտել մի անձնավորություն էր։
Երկար անցուդարձ անելուց հետո նա եկավ նստեց բարձրավանդակի այն ծայրին, ուր պարեխավոր ժայռերը ծովի միջից ելնելով` կուտակվում են միմյանց վրա և զորավոր ամբարտակներ կազմելով, պատում են կղզու արևելյան ու հարավային կողմերը, և այդպիսով անմատչելի կացուցանում նրան ոչ միայն լաստերին ու նավակներին, այլև մերկանդամ լուղորդին։
Լուսինը այդ ժամանակ հուշիկ բարձրանում էր երկնակամարի վրա և ծովակի մութ բոսոր գույնը փոխվում էր հետզհետե փայլուն արծաթի և ծավալելով տարածվում դեպի հեռավոր ափերը, որոնք շրջապատված էին մի կողմից բարձրագագաթ լեռներով ու բլուրներով և մյուս կողմից` դաշտերով ու սարատափերով: Ամեն տեղ տիրում էր լուսնի խաղաղավետ լույսը։ Խարակների բարձրության վրա նստած` անծանոթը դիտում էր ծովակի այդ տեսարանը, որ ակնապարար ու հանգուցիչ լինելուց զատ, դյութիչ էր և խորհրդավոր։ Նրան թվում էր, թե հենց այդ վայրկենին, երբ աշխարհը նիրհում է խաղաղական քնով, ելնում են թաքստից չարության ոգիները կամ աշխարհ իջնում բարվո հրեշտակները և տկար մահկանացուի վիճակը տնօրինում` մինին բախտ և երջանկություն, մյուսին վիշտ կամ տանջանք սահմանելով...։ Նրան թվում էր, թե հենց այդ խորհրդավոր ժամերումն էլ ճակատագրվեցան իրան վշտեր ու դժբախտություններ...: Եվ տխուր մտքերը պաշարերին նրան. անցյալի հիշատակները կենդանացան յուր առաջ և երևակայությունը վառվելով` հանդես բերավ նախ գողտր ու հաճոյական և ապա դաժան ու հոգետանջ պատկերներ.
-Ինչո՞ւ, ինչո՞ւ հասա ես նվաստության այս աստիճանին...-գոչեց հանկարծ անծանոթը և ձեռքը դեպի ճակատը տանելով` կամեցավ կարծես վանել տխուր մտածմունքները, որոնք սևաթույր ամպերի նման` գալիս ժողովվում էին այդտեղ` յուր սիրտը հուզելու, յուր հոգին վրդովելու համար: