Էջ:Muratsan, vol. 4.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ճնշեց նրան սկզբում։ Բայց հետո մտածելով, որ բաժակն արդեն լցվել է և որ այսուհետև գաղտնի կերպով տանջվելը ոչ մի օգուտ չի բերելու իրան, հարցրեց հանկարծ դայակին.

-Սեդա, դու ի՞նչ գիտես Ուտիքի մասին։

Սեդան նայեց թագուհու աչքերին մի հայացքով, որ թե՛ զարմանք և թե՛ անվստահություն էր արտահայտում, և ոչինչ չպատասխանեց։

-Սեդա, քեզ հարցնում է թագուհին, ինչո՞ւ ես լռում։

-Ուտիքի մասին, սիրելի թագուհի, ես շատ բան գիտեմ, ես ամեն բան գիտեմ...

-Այո՛ , հիշում եմ. մի երկու ժամ առաջ հովանոցումն էլ նույնը ասացիր... Ասացիր, թե վաղուց հայտնի է քեզ, թե ի՛նչ վիշտ է կրծում իմ սիրտը, բայց թե չես համարձակվել այդ մասին խոսել ինձ հետ, որովհետև հավատացած ես եղել, որ դրանով միայն իմ վերքերը պիտի նորոգես, առանց ինձ մի օգուտ տալ կարողանալու... Այդպես չասացի՞ր, Սեդա՛։

-Այո՛, իմ սիրելի թագուհի, այդպես ասացի։

-Է՛հ, խոսի՛ր այժմ համարձակ. քո խոսքերով դու այլևս չես նորոգիլ իմ ցավերը, այլ գուցե և մեղմես նրանց։

-Իսկ եթե...

-Ո՛չ, ասում եմ քեզ. այժմ ես կարոտում եմ մի հավատարիմ բարեկամի, մի ընկերուհու, որին սիրտս բանալ կարողանամ. դո՛ւ եղիր այդ բարեկամը, մայր Սեդա. ես արդեն հոգնել, թուլացել եմ իմ վշտերս միայնակ տանելուց։

-Բայց չէ՞ որ ամեն ինչ հայտնի է քեզ արդեն, ինչո՞ւ ինձանից ես կամենում քո ցավերի պատմությունը լսել։

-Ինչո՞ւ, այդ մի՛ հարցնիր, մայր Սեդա: Կամենում եմ լսել նորից այն բոլորը, ինչ որ ինքս գիտեմ, այլև այն` ինչ որ մինչև այժմ ծածկված է մնացել ինձանից։

-Բայց... չգիտեմ թե ո՛րտեղից սկսեմ։

-Սկզբից, բոլորովին սկզբից։ Գիշերը երկար է. ես չպիտի կարողանամ քնել։

-Բայց... ի՞նչ ասեմ... այդ բոլոր պատմությունը կարելի է ամփոփել մի քանի բառերի մեջ։ «Թագավորը սիրում է Ցլիկ-Ամրամի կնոջը...», այս չէ՞ բոլորը: