Էջ:Muratsan, vol. 4.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագուհին րոպեապես ցնցվեցավ։ Մի գաղտնի հուզմունք անցավ նրա սրտից ինչպես մի կայծակ, և նրա հոգին խռովեցավ նման ծովափյա ջրին, որի մեջ հանկարծ գլորվում է լեռան կողմերից պոկված մի քարաժայռ։ Մի թեթև վարգադույն նրա այտերը ծածկեց և ճակատը տամկացավ աննշմարելի ցողով։ Ըստ երևույթին նա չէր սպասում դայակի այս կարճ և ամեն ինչ մերկացնող պատասխանին։ Նա կամենում էր, այո՛, լսել նրանից բոլորը. բայց այսքան շո՛ւտ, այսքան մերկապարանո՞ ց... Չէ՞ որ յուր ականջները դեռ սովոր չէին այդ բանին...։ Հանկարծ մի դայակ համ արձակվի յուր ներկայությամբ անպատշաճ խոսքեր ասել յուր թագավոր ամուսնու մասին, մի՞թե այդ հնարավոր էր. մի՞թե թագուհին այդ կարող էր լսել...։

-Լռի՛ր, Սեդա, ոչինչ մի՛ խոսիր,-հանկարծ հրամայեց նա, ինքն էլ չիմանալով, թե ինչի համար է լռեցնում խեղճ կնոջը։

Դայակը մնաց ապշած։ Նա երկյուղագին ու անթարթ աչքերով նայում էր թագուհուն, առանց նրա բարկության պատճառը գուշակել կարողանալու։

Բայց թագուհին լուռ էր։ Նա գլխիկոր և աչքերը խոժոռած նայում էր հատակին։

Անցան մի քանի վայրկյաններ։ Հուզմունքը տեղի տվավ առողջ դատողության։ Թագուհին բարձրացրեց աչքերը և նայեց Սեդային, որի երկչոտ հայացքը և այլայլված դեմքը ճնշեցին յուր քնքուշ սիրտը։

«Արժե՞ միթե նրա պատճառով վիրավորել այս խեղճին: Ինչո՞ւ կեղծության քողը այսքան համառությամբ սեղմել իմ երեսին...», մտածեց ինքն իրան թագուհին և ձեռքը պարզելով դեպի դայակը, գորովալից ձայնով ասաց.

-Սեդա, մոտեցի՛ր, տո՜ւր ինձ քո ձեռքը։

Սեդան մոտեցավ բռնազբոսիկ քայլերով, բայց ձեռքը թագուհուն տալ չհամարձակվեցավ։ -Մոտեցի՛ր, ասում եմ, և տո՛ւր ինձ քո ձեռքը։

Սեդան մոտեցավ և յուր փափուկ ու սպիտակ աջը պարզեց դեպի թագուհին։