քսան մարդուց բաղկացած, իսկ մնացածները ե՞րբ հասան այստեղ։
-Իմ բանակը կազմած է հենց քսան մարդուց, ես ավելին ձեռք բերել չկարողացա,- պատասխանեց իշխանը։
-Դու հիվա՞նդ ես, Մարզպետունի իշխան,-հարցրեց թագավորը աչքերը նրա վրա սևեռելով։
-Գուցե կասկածում ես, թե խելագարվա՞ծ եմ,-ժպտալով հարցրեց իշխանը։
-Այո՛, ինձ այդպես է թվում,-հարեց թագավորը լրջությամբ։ -Ասում ես, որ քսան մարդուց է բաղկացած բանակդ, և միևնույն ժամանակ փափագում, որ քո թագավորն առաջնորդե նրան։ Ծա՞ղր է այդ, թե երգիծանք...։
-Քա՛վ լիցի, եթե համարձակվեմ այդ չափ լրբանալ քո առաջ, տեր արքա...-պատասխանեց իշխանը հուզվելով։
-Ի՞նչ զորք է ուրեմն այն, որի անունով խոսում ես դու։
-Հենց հիշածս քսան հոգիներն են։ Նրանք են իմ զորքն ու բանակը կազմում։
Թագավորն ու թագուհին զարմացած նայեցին իրար, կարծես կամենալով հարցնել միմյանց, «թե արդյոք այս մարդը չէ՞ խելագարվել...»։
Մարզպետունին թափանցեց նրանց սրտի խորքը և դառը ժպտալով ասաց.
-Իրավունք ունիք ինձ խելագար անվանելու։ Այս ընդհանուր տագնապի օրերում, երբ զորեղ իշխանները իրանց հազարավոր զորքերով փակված են ամրոցներում, խելագարություն է, իհարկե, քսան հոգով բաց դաշտն իջնել թշնամու հետ ընդհարվելու համար։ Բայց ես այդ անում եմ, որպեսզի կարողանամ ամոթո կնիք դրոշմել բոլոր այն իշխանների ճակատին, որոնք հայության անունով խոսում, հայ տոհմականությամբ հպարտանում են, բայց հայրենիքը ճգնաժամում եղած միջոցին մատը չեն շարժում նրան օգնելու համար։
-Այդ դու կարող ես անել, եթե հաղթությամբ պսակես հանդուգն ձեռնարկությունդ, -նկատեց թագավորը.-