Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջինս բռնեց այն քնքշությամբ և սիրալիր հայացքով նայելով դայակի աչքերին, ասաց.

-Մայր Սեդա, ես քեզ վշտացրի, ների՛ր ինձ,-և այս ասելով ջերմությամբ համբուրեց նրա ձեռքը, բայց այնպես արագ, որ դայակն արգելել չկարողացավ։

-Իմ թագուհի, իմ մեծափառ տիկին, ի՞նչ ես անում,-այլայլված բացականչեց Սեդան և խոնարհելով թագուհու առաջ, փարեց նրա ծնկներով և սաստիկ հուզմունքից սկսեց արտասվել։

-Մայր Սեդա, մի՛ հուզվիր, մի՛ վրդովվիր. ես համբուրեցի այն ձեռքը, որ շատ անգամ համբուրել եմ մանկությանս ժամանակ, որ այնքան շատ գգվել, գրկել ու պահպանել է ինձ. համբուրեցի այն կնոջ ձեռքը, որ ինձ կաթ է ջամբել, ինձ երկրորդ մայր է եղել... Վերկաց, Սեդա, գրկի՛ր քո Սահանույշին. հիշո՞ւմ ես, որ ասում էիր, թե Սահականույշր խիստ երկար է. դու ինձ Սահանույշ պիտի անվանես... Ո՜ հ, ինչպե՜ս անդառնալի անցան մանկական այդ քաղցր օրերը. և որքան փոքրիկ երջանկություններ կորան անհիշատակ... Այդ բոլորից միայն դու մնացիր ինձ, իմ բարի Սեդա, վե՛ր կաց, գրկի՛ր և համբուրի՛ր ինձ...։

Սեդան բարձրացավ և բազուկներր տարածելով, յուր գիրկն առավ թագուհու գեղեցիկ գլուխը և սկսավ համբույրներով ծածկել նրա շուշան ճակատը և մարմարիոնի պես սպիտակ ուսերը, որոնք կիսով չափ սքողվում էին յուր հարուստ, ալեծածան մազերով։

-Ա՛խ, այսպես ուրեմն, քաղցր են մայրական համբույրները...-շշնջաց թագուհին և ջերմությամբ փարելով դայակին` «ես մայր չունիմ, Սեդա, դու ինձ մա՛յր եղիր»,-ասաց նա և հեկեկաց։

-Մի՛ լար, իմ անգին Սահանույշ, ես քո մայրն եմ, քո աղախինն եմ, քո ստրուկն եմ. մի՛ լար, իմ աննման թագուհի...

Երկար նրանք գրկախառնված մնացին և հորդ արտասուքներով իրար կուրծքը թրջեցին։ Ապա դայակը առաջինը հեռանալով, մոտեցավ սեղանի վրա դրած օշարակին և ոսկե ըմպանակն առնելով, լցրավ ու բերավ թագուհուն։