կռվող խմբերը, որոնք տակավին դիմադրում էին հայերին՝ տեսնելով զորապետին փախչող խուժանի մեջ, կարծեցին, թե նա խույս է տալիս ճակատից, ուստի իրանք էլ դիմադարձ եղան և սկսան փախչել։ Նահանջը ընդհանուր դարձավ. Բեշիրը դադարեց գոռալուց և յուր գնդապետների հետ միասին հետևեց փախչող զորքին։
Բայց թշնամու նահանջը նոր եռանդ ներշնչեց հայերին։ նրանց լաստերն ալիքների վրա սուրալով` հասան եզերքին, մարտիկները իրար ետևից դուրս թռան ցամաք և ահագին աղաղակով ընկան թշնամու ետևից։ Հասան շուտով և այն լաստերը, որոնք ահաբեկել էին թշնամուն։ Դրանց վրա եղողները ոչ այլ ոք էին, եթե ոչ մնացորդ երեսուն զինվորները, որոնց թագավորը թողել էր կղզում, և Սևանի հոգևոր միաբանությունը։ Վերջիններս արքայի հրամանով հանել էին վեղարներն ու խույրերը և ծածկել սաղավարտներ, իսկ ձեռքներին բռնել վահան և նիզակ։ Նրանք, իհարկե, չպետք է մասնակցեին կռվին, և ոչ իսկ ափին մոտենային, այլ միայն զորագունդ կեղծելու պաշտոն ունեին։ Այդ պատճառով նրանցից շատերը կրում էին միանգամայն մի քանի հատ տեգեր, որպեսզի հեռվից ավելի ահավոր երևան թշնամուն։
Թագավորի հնարագիտությունը հաջողեց։ Երբ նրա մարտիկները դուրս ելան ցամաք, «խրտվիլակ» տորմիղն էլ հասավ այդտեղ։ Երեսուն զինվորներ և նրանց հետ միասին երիտասարդ աբեղաները փութացին, միացան կռվող քաջերին և ընկան փախչող հագարացիների ետևից։ Հալածողներին ընկերացան մոտակա Ցամաքաբերդ, Վարսեր, Գոմաձոր, Կռակծին և այլ գյուղերի հայ բնակիչները։ Նրանք թշնամու ցրված գնդերի մեծ մասը ջարդեցին և մնացյալները փախցրին դեպի հեռավոր լեռներն ու հովիտները։
Դառնալով բանակատեղը, հայ կտրիճները հավաքեցին թշնամու թողած ավարը, որ բավական հարուստ էր, կապտեցին ընկածների զենքերը և քակեցին բազմաթիվ վրանները, որոնց հետ նաև Բեշիրի հարուստ տաղավարը, և այդ ամենը միասին փոխադրեցին կղզին։
Թագուհին, որ սրտատրոփ սպասում էր կռվի վախճանին,