Էջ:Muratsan, vol. 4.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր նաժիշտների հետ միասին իջավ կղզու ափը` հաղթական երգերով վերադարձող քաջերին դիմավորելու:

Հայերն այս կռվում կորուստ չունեցան. վիրավորվել էին մի քանի հոգի, որոնց` կղզին հասնելուն պես, թագավորը հրամայեց փոխադրել հարմար կացարան՝ զգուշությամբ խնամելու համար։ Այնուհետև հոգևոր հայրերը մատուցին տաճարում գոհության պատարագ, որին ներկա էին թագավորը, թագուհին և բոլոր զինվորները։ Ապա վերջինները կատարեցին հաղթության խրախճան, որին մասնակցեց շրշականերից ժողոված գյուղական ամբոխը։

Բայց թագավորը տխուր էր և դալկադեմ. նա ժամանակից առաջ քաշվեցավ յուր կացարանը, առանց զորքի ուրախության մասնակցել կարողանալու։

Այս հանգամանքն անհանգստացրեց թագուհուն և նա դիմեց արքայի մոտ՝ նրա տխրության պատճառն իմանալու։

-Ես վիրավորված եմ,-ասաց թագավորը մեղմ ձայնով։

-Վիրավորվա՞ծ...-բացականչեց թագուհին.-ինչո՞ւ ուրեմն չես հայտնում մեզ այդ... ու՞ր է վիրաբույժը... կանչենք նրան այստեղ...։

-Թո՛ղ, ես չեմ կամենում զորքի ուրախությունը խանգարել...մի օրից հետո էլ կարող ենք մենք այս վերքը դարմանել,-ընդհատեց նրան թագավորը։

-Բայց դու գունատ ես և թախծադեմ. անշուշտ խոր է քո վերքը...։

-Ես տխուր եմ այն պատճառով, որ կենդանի վերադարձա այստեղ...։

-Աստվա՜ծ իմ... Դու դարձյալ նույն մտքերո՞վ ես զբաղված։

-Ես ցավում եմ, որ մահացու չէ վերքս:

-Խնայի՛ր ինձ, աղաչում եմ...-աղերսեց թագուհին։

-Այո՛, թշնամին արդեն նահանջում էր, երբ մի նետ եկավ և ցցվեց իմ կողերի մեջ... Ես ուրախացա... կարծեցի թե իմ զորքի հաղթանակը կպսակվի իմ մահվամբ. այդ պատճառով էլ իսկույն դուրս քաշեցի նետը, որպեսզի նրա հետ միասին ելներ և իմ հոգին. բայց ավա՜ղ... Արաբացու