Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվում էր, թե հենց այդ ոգին է, որ խոսում է յուր հետ այդ վայրկենին. նա խոր վիշտ զգաց և հոգվոց հանեց...

Եվ ինչպե՞ս չվշտանար։ Յուր առաջ կանգնած էր Սմբատ թագավորի հարազատ եղբայրը. պարթև հասակով, գեղեցիկ դեմքով, քաջալանջ և հաստաբազուկ, նրա ձայնը որոտում էր, երբ խոսում էր յուր հետ, և գետինը թնդում, երբ քայլում էր նրա վրա։ Եվ այս հզոր մարդը փոխանակ թագավորի, հետևապես, և հայրենիքի պաշտպանը լինելու, նրա թշնամին ու հակառակորդն էր. փառամոլությունը փակել էր նրա հոգու աչքերը, օտարի նենգամտությունը հիմարացրել էր նրան և մահմեդական մի ոստիկանի տված ունայն թագը մեռցրել էր նրա սրտում զգացմունքներից ազնվագույնը-սերը դեպի հայրենքը... Եվ այս զորավոր հսկային փոքրացնում, ոչնչացնում էր չարակամության զգացումը, նրա լեզուն չէր կարողանում «թագավոր» անունը տալ Աշոտ-Երկաթին, նրա մասին խոսելիս՝ նա ասում էր «իմ եղբորորդին», կարծես վախենալով, թե միգուցե «արքա» կամ «թագավոր» անվանելով նրան՝ զրկե իրան աշխարհի բոլոր բարիքներից...։ Եվ սակայն գովաբանում, բարձրացնում էր նրա հավատարմին, աշխատում էր գրավել Մարզպետունու սիրտը, որպեսզի հարմար դիպվածում կարող լինի նրան կապել յուր հետ և կամ հեռացնել հարազատ թագավորից։

Այս ամենը հասկանում էր իշխան Մարզպետունին, կարդում էր նրա սիրտը յուր իսկ դեմքի վրա, այն դեմքի, որ այնքան վեհ ու հպարտ էր երևում արտաքուստ, որ ստեղծվել էր կարծես հարգանք ու ակնածություն ներշնչելու համար, բայց որին նսեմացնում էին փոքրոգության ստվերները... Ինչպես ուրեմն չվշտանար, ինչպե՞ս չհառաչեր հայրենասեր հոգին։

Սակայն սպարապետը իշխանի հայացքից խուսափելու համար շտապեց հարցնել նրա գալստյան պատճառը։

-Բագարանը, իշխան, դու չես սիրում բնավ. անշուշտ ունիս դու մի կարևոր խորհուրդ, որ ստիպել է քեզ մեզ այցելելու,-ավելացրեց նա ժպտալով։

-Այո՛, ունիմ,-պատասխանեց Մարզպետունին և