Էջ:Muratsan, vol. 4.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնեց նրան յուր գալստյան պատճառը, որ էր՝ դարձնել կաթողիկոսը յուր աթոռը։

-Ինչո՞ւ համար ես կամենում զրկել մեզ վեհափառի հովանավորությունից,-հարցրեց սպարապետը խորհրդավոր եղանակով։

-Նրա համար, որ այօր կամ վաղը ոստիկանը պիտի վերադառնա Ատրապատականից, և եթե անտեր գտնե կաթողիկոսարանը, անշուշտ կհափշտակե նրան, որպեսզի դրանով Բեշիրի կրած պարտության վրեժը լուծե մեզանից։

-Բայց ի՞նչ կշահե նա դրանով։

-Ինչ կշահե՞... մի՞թե հայտնի չէ քեզ այդ։ Հայրուրավոր վանքեր ու միարանություններ կերակրվում են կաթողիկոսարանի կալվածոց հասույթով:

-Այո՛, այդ ուշադրության արժանի կետ է։ Վանքերը կորուստ կունենան... -պատասխանեց սպարապետը և ապա մի խորհրդավոր հայացք ձգեց Մարզպետունու վրա։ Նրան թվում էր, թե իշխանը ուրիշ գաղտնի դիտավորություններ Էլ ունի, որոնք, սակայն, ծածկում է իրանից, բայց չէր կարողանում գուշակել թե ի՞նչ դիտավորություններ են դրանք։

Ինքը Մարզպետունին էլ ոչինչ չհայտնեց և զգուշանում էր ավելին խոսելուց։

-Կարո՞ղ եմ այժմ տեսնել վեհափառին,-հարցրեց իշխանը, կարծելով թե հայրապետը գտնվում է սպարապետի ապարանքում։

-Ինչու՞ չէ. բայց կցանկանայի, որ հանգիստ առնեիր մի փոքր, վեհափառի տան ճանապարհը բավական հեռի է և դժվարագնաց. դու կարող ես հոգնել, մանավանդ որ արևը սաստիկ այրում է։

-Մի՞թե նա այստեղ, քո ապարանքում չէ,-զարմացած հարցրեց իշխանը։

-Ո՛չ։

-Ուրեմն քաղաքացիներից մինի տա՞նն է ապրում։

-Դարձյալ ոչ, նա լինում է միջնաբերդում,-պատասխանեց սպարապետը ժպտալով։

-Միջնաբերդու՞մ... ի՞նչ է շինում նա այնտեղ,-բացականչեց Մարզպետունին։