Էջ:Muratsan, vol. 4.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նայելով յուր շուրջը և տեսնելով այն զորությունը, որ հավաքել էր այնտեղ սպարապետը, ակամա ժպտաց։ Յուր այդտեղ գալը նա անմտություն համարեց։

-Մի՞թե կարելի է գաղտնիք վստահանալ մի մարդու կամ անձնվիրություն պահանջել մի հոգևորականից, որ դողում է յուր կյանքի վրա և յուր անձը այսպիսի ամրությունների մեջ է խնամում...-շշնջաց նա ինքն իրան և առաջ անցավ հուսահատ սրտով։

Վեհափառը, սակայն, ընդունեց իշխանին սիրով ու օրհնությամբ. և բազմեցնելով կողքին` յուր գոհությունն ու անսահման հիացումը հայտնեց այն քաջագործությանց համար, որ նա կատարել էր միայնակ։

-Ես կամեցա ապացուցանել մեր իշխաններին և քեզ, վեհափառ տեր, թե մեծ գործեր կատարելու համար հարկավոր չեն մեծ ուժեր, այլ միայն հաստատուն կամք. թե հայրենիքը փրկելու համար չպետք է սպասել հաջող հանգամանքների, ոչ էլ իշխանների ձեռնտվությունը մուրալ. այլ պետք է հուսալ միայն աստուծո և սեփական բազկի վրա և անձը նվիրելու չափ հայրենասիրություն ունենալ։ Ես ապացուցեցի այդ կարծյաց ճշմարտությունը, այժմ ձեզ է մնում հետևել իմ օրինակին,-նկատեց իշխանը, օգուտ քաղելով կաթողիկոսի խոսքերից։

-Ի՞նչ պիտի անենք մենք,-հարցերց կաթողիկոսը անհանգստանալով։

-Ձեզանից յուրաքանչյուրը պիտի կատարե յուր պարտքը։

-Այսի՞նքն։

Իշխանը հայտնեց նրան մի քանի խոսքով Դվինը գրավելու համար ունեցած յուր դիտավորությունը, այլև վեհափաոի յուր աթոռը դառնալու մասին ունեցած ցանկությունը։

-Դու կամենում ես Դվինը գրավե՞լ...-զարմացած հարցրեց Վեհափառը։

-Այո՛ և որքան կարելի է` շուտ։

-Եվ դու չե՞ս վախենում ամիրապետի բարկությունից, արաբական հզոր բանակներից։