Էջ:Muratsan, vol. 4.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և մենք Դվինը կգրավենք բռնի ուժով. այդպես էլ ես ասացի նրան։

Կաթողիկոսը, որ արդեն այդպիսի մի առիթ էր որոնում խոստացած վտանգավոր քայլից ետ կանգնելու, ուրախությունից իրան կորցրեց և Գևորգ իշխանի յուր հետ ունցած բոլոր խոսակցությունը մանրամասն պատմեց սպարապետին։

Վերջինս կրկին և կրկին միամտացնելով վեհափառին, վերադարձավ յուր ապարանքը գոհ սրտով։

«Ոչ, այդ չի հաջողիլ քեզ, Մարզպետունի իշխան,-սկսավ խոսել ինքն իրեն սպարապետը, ճեմելով յուր գեղազարդ դահլիճի մեջ։ -Դու կամենում ես արդեն մեռած և Սևանում թաղված թագավորին հարություն տալ. կամենում ես նորեն աթոռի վրա բազմեցնել նրան. բայց այդ թույլ չի տալ քեզ օրինավոր թագավորը։ Եթե հայ ժողովուրդը խաղաղություն է կամենում, թող նա ինձ խոնարհի և իմ բազկին ապավինե։ Աշոտ Սմբատյանը չի կարող փրկել նրան, երբ Աշոտ Շապուհյանը այդ չի կամենում...: Այո՛, ես եմ հայոց գահի պայազատը. ինձ են խոնարհում ոստանիկ զորքերը, սեպուհների գունդը, դրանիկ վաշտերը... Եթե Աշոտ-Երկաթը թագավոր է, ինչո՞ւ է Սևանում ճգնում։ Ինչո՞ւ չէ յուր թշնամիները հալածում։ Եվ դու կամենում ես իմ փառքը կապտել և տալ ճգնավորի՞ն։ Չէ՛, բարեկամ, այդ նվաստությունը կրելու համար չենք ծնվել աշխարհում. ոչ էլ դրա համար ենք այս հասակն առել, պատերազմներում ծերացել, թագ ու գավազան ձեռք բերել... այո՛, մեր թագը խուցերում չի ծածկվիլ. նա կփայլե աշխարհի առաջ. օրինավոր թագավորի գործը ամենքը կտեսնեն, պատմությունները կարձանագրեն...»։

Այդ մտածություններով ոգևորված նա մտավ առանձնարանը, կանչեց դպրին և նրանից մագաղաթ ու մելան ստանալով՝ նստեց և սկսավ գրել մի նամակ: Ըստ երևույթին գաղտնի հաղորդագրություն էր այդ, որովհետև դպրին չհանձնեց գրելու. բացի այդ, նա չպիտի ուղղեր այն որևէ մի հայի, ըստ որում գրում էր արաբերեն։

Ավարտելով յուր գործը, նա արքայական կնիքը դրավ ստորագրության փոխարեն, փակեց և տվավ դպրին կնքելու: Ապա կանչելով յուր հավատարիմ քաջերից մեկին, հանձնեց