Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նամակը նրան և պատվիրեց մինչև երեք օրը հասցնել պատկանելույն։

-Մինչև երեք օրը, տեր, դժվար է հասնել Ատրպատական,-ասաց բանբերը։

-Մինչև երեք օրը տեղ պիտի հասնե այդ նամակը,-կրկնեց սպարապետը։

Բանբերը չպատասխանեց, նա գլուխ խոնարհեց և դուրս գնաց։

__________

Արշարունյաց ձորի արևելյան գոգում, մոտ այն տեղերին, ուր կառուցած էր գեղեցիկ Երվանդակերտը և ուր Ախուրյանը խառնվում էր Երասխի հետ, գտնվում էր մեծ անտառ։ Կապույտ լեռան ստորոտից սկսած` տարածվում էր նա մինչև Երասխի ափերը։ Դարերից ի վեր ապրում էին այդտեղ հսկահասակ կաղնիներ, մայրեր ու կաղամախներ, որոնց կատարները ծրարում էին ամպերի մեջ։ Ցերեկը նրանք արգելում էին արևի ճառագայթները, իսկ գիշերն ստեղծում անթափանցելի խավար։ Չկային այդտեղ անցքեր և ուղիներ, ծառերն ամեն տեղ աճել էին վայրենի դրությամբ և իրանց ստվերապատ ու անհեթեթ բուներով վաղեմի ճանապարհները ծածկել։

Դա հիշատակաց արժանի Ծննդոց անտառն էր, Երվանդ թագավորի տնկած որսարանը։ Թեպետ արքայաշեն պատվարները չէին պաշտպանում այլևս նրա սահմանները, բայց անտառն աճել, զորացել էր, ավերող ձեռքերը չէին կարող այլևս վնասել նրան։ Արքայի ժողոված էրեների սերուդները բազմացել, լցրել էին նրա ծմակները. բայց արքայազն որսորդներ չէին որսում այլևս նրանց մեջ։ Երկրի անապահող դրությունը, միմյանց հաջորդող խռովությունները և ներքին ու արտաքին ընդհարումները ցամաքեցրել էին իշխանների սրտում զվարճասիրության աղբյուրը։ Հազիվ երբեմն շինական որսորդի նետը անհանգստացնում էր այդ անտառի խաղաղակյաց բնակիչներին կամ այդտեղ թաքչող դասալիք մի զինվորի գեղարդը պատահմամբ տապալում յուր առջևից փախչող էրեին: Ուրիշ զվարճասերներ չէին այցելում այդ անտառը, որովհետև վաղուց նա դարձել էր հագարացի ավազակների