դրոշին, որ կրում էին այդ զորքերը և քաղցր հյուրասիրությամբ պատվում էր վերջիններին։
Այս ամենը տեսնելով արքաեղբայրը հուզվում և դառնալով Մարզպետունուն՝ հարցնում էր.
-Եթե ժողովրդի մեջ այսպիսի սիրտ ու հոգի կա, ինչո՞ւ մենք մնացել ենք անզոր. ինչո՞ւ չենք օգտվում այս պատրաստի ուժից։
-Որովհետև անձնական գժտությունները ժամանակ չեն տալիս ձեզ աչք բանալու և Ժողովուրդը տեսնելու, որովհետև անձերնիդ պաշտպանելու հոգսը գրավել է ձեր բոլոր ուշադրությունը... -պատասխանեց իշխանը. -ժողովուրդը, այո՛, ուժ ունի. ժողովուրդը մի հեղեղ է, որ թե զորացավ, կարող է թումբեր կործանել, ամբարտակներ տապալել։ Բայց պակասում է մեզ մարդ, որ կարողանա ժողովրդի սրտի հետ խոսել, ոգիներ վառել, հեղեղ պատրաստել։
-Ո՞վ կարող է լինել այդ մարդը,-հարցրեց արքաեղբայրը։
-Նա, որ կկարողանա բոլորանվեր կերպով զոհել յուր անձը հայրենիքին,-պատասխանեց իշխանը եռանդով։
-Այդպիսի մեկին ճանաչում եմ ես, տեր Մարզպետունի։
-Ո՞ւր է նա,-հետաքրքրությամբ հարցրեց իշխանը։
-Ահա՛ այստեղ, իմ առաջ... Այդ դու ես,-ասաց Աբասը ժպտալով, և ապա ձեռքը պարզելով իշխանին, ավելացրեց.-երկրորդը, ահա՝ գալիս է քեզ միանալու. նա կլինի քո անբաժան և անձնվեր զինակիցը։
-Եվ իմ տերն ու իշխանապետը,-բացականչեց Մարզպետունին և ջերմությամբ արքաեղբոր աջը սեղմելով ավելացրեց. այս օրվանից ուրեմն ծագում է նոր արև. նա կջերմացնե սառած սրտերը և կառաջնորդե յուր ժողովրդին։
Այն միջոցին, որ արքաեղբայրն ու Մարզպետունին ոտք էին կոխում Սյունյաց նահագի հյուսիսային սահմանածայրը, նույն նահանգի հարավային մասում ուրիշ գործ էր կատարվում։ Նսըր ոստիկանը տեղեկանալով Աշոտ բռնավորի նամակից, որ արաբացոց զորքերը ջարդող Մարզպետունին մտադիր է Դվինը պաշարել կամ դավադրությամբ գրավել, ժողովեց