Էջ:Muratsan, vol. 4.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկույն յուր զորքերը, կազմեց նույնպես Ատրպատականի պարսիկներից բազմաթիվ հրոսախմբեր և նրանց հետ միասին ելնելով այն երկրից՝ մտավ Վասպուրական։ Եվ որովհետև որոշել էր յուր մուտքը դեպի հայկական նահանգները հաղթական և ահարկու կացուցանել, ուստի փորձ փորձեց Վասպուրականի մի քանի ավանները գրավել։ Բայց Գագիկ Արծրունու մշտապատրաստ զորքերը ետ մղեցին նրա հրոսակներին։ Նսըրը տեսնելով, որ յուր ուժը Վասպուրականում կարող է թուլանալ, եթե կովի բռնվի Գագիկ թագավորի հետ, խույս տվավ նրա երկրի հյուսիսային կողմից և շտապավ Երասխն անցնելով՝ մտավ Սյունիք։

Նա գիտեր, որ այդ նահանգի տեր երեք եղբայրներից երկուսը, այն է՝ Սահակ և Բարդեն իշխանները, բանտարկված են յուր ձեռքով Դվինում. մնում էր ուրեմն մինը, այն է՝ Սմբատ իշխանը, որ միայնակ չէր խիզախիլ յուր դեմ։ Ուստի հանդուգն արշավանքով մտնելով Երնջակ, դիմեց դեպի նույնանուն բերդը։ Նա կամենում էր գրավել նրան և ընդդիմացողներին ջարդել։ Այդ ձևով մտածում էր տիրել յուր ճանապարհի վրա գտնվող բոլոր ավաններին և շուրջը ահ ու սարսափ տարածելով հասնել մինչև Դվին։

Բայց որքա՜ն մեծ եղավ նրա սարսափը, երբ Դարվա լեռներում յուր հանդեպ ելան Սմբատ իշխանի սպառազինված գնդերը։

Մարզպետունու օրինակը քաջալերել էր հայ իշխաններին. ամեն տեղ նրանք պատրաստված էին արդեն, իսկ Սյունյաց քաջ իշխանն ավելի ևս։

Իմանալով որ Նսըրի բանակն անցել է Երասխա հունը, Սմբատ իշխանը, որ հենց այդ միջոցին գտնվում էր Երնջակում, հրամայեց զորքերին առաջանալ դեպի թշնամին, որովհետև գիտեր՝ նա առանց վնաս պատճառելու չի անցնիլ Սյունիքից։ Եվ ահա Դարվա լեռնաձորում հանդիպեցին նրանք միմյանց։

Իշխանը, որ յուր գնդերով գտնվում էր լեռնալանջի վրա, պատգամ ուղարկեց Նսըրին՝ ասելով.

«Աստուծո վրեժխնդիր աջը առաջնորդել է քեզ դեպի այս լեռնաձորը. դու, որ խաբեությամբ բանտարկեցիր իմ