Jump to content

Էջ:Muratsan, vol. 4.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես որ խոստացել ու երդվել էր, այլևս ավելի խստացրեց նրանց կապանքները։

Բացի այդ, հաշիվ պահանջելով Բեշիրից արաբական զորքի կրած վնասների համար, գտավ, որ դրանք անթիվ են, ուստի և ի տրիտուր այդ վնասուց գրավեց իսկույն կաթողիկոսարանը: Նրա կարծիքով, հասած վնասների սկզբնապատճառը հայոց կաթողիկոսն էր. որովհետև եթե նա շարունակ փախուստ տված չլիներ իրան հետամուտ եղող ոստիկանական զորքերի երեսից, վերջինները առիթ չէին ունենա կռվի բռնվել Մարզպետունու կամ արքայի զորքերի հետ։ Եվ ահա այս պատճառով, իբր թե ամենից առաջ պիտի տուժեր ինքը կաթողիկոսը։ Նրա ապարանքը ոստիկանը դարձրեց յուր ծառաների բնակարան. իսկ կաթողիկոսարանի անունով նա գրավեց եկեղեցական իշխանապետության պատկանյալ բոլոր կալվածները, որոնց հասույթով կերակրվում էին հարյուրավոր միաբանություններ։

Այս ամենը լսեց Սմբատ իշխանը և շատ զղջացավ, որ ազատ է թողել ուխտադրուժ հագարացուն։ Բայց սխալն ուղղել այլևս անկարելի էր։ Մնում էր նրան մխիթարվել այն միակ մտածությամբ, թե յուր եղբայրները մահից և կապանքից ազատելու համար գործեց այդ թուլությունը։ Եվ որովհետև նա հաստատ գիտեր, որ Բեշիրը չէր խնայիլ յուր հարազատներին, եթե նա ջարդեր հագարացոց բանակը, ուստի այդ մտածությունը մեղմեց նրա վիշտը:

Այսուամենայնիվ նա ուխտեց տուժեր տալ հագարացուն ուրծաձորցիների վնասը և ազատել նույնիսկ կաթողիկոսարանը, եթե աստված հաջողեր իրան հանել յուր եղբայրներին բանտից։

Բագարանի միջնաբերդում նստած խոսակցում էին կաթողիկոսն ու Աշոտ բռնակալը։ Վերջինս եկել էր մխիթարելու վեհափառին այն ծանր կորստի համար, որ կրել էր եկեղեցական իշխանապետությունը կաթողիկոսարանի գրավմամբ։

Բայց վեհափառն անմխիթար էր։ Նա տանջվում էր, մանավանդ, խղճի խայթերից։

-Եթե ես լսած լինեի Մարզպետունու խորհուրդին, եթե կատարած լինի նրան տվածս խոստումը, կաթողիկոսարանը