արժանավոր փեսացուն. նրա ամուսինը երեի իշխանականից մի փոքր ավելի բարձր տիտղոս կունենա:
-Խե՜ղճ մարդ. մարգարեացել է. բայց եթե կարողանար գուշակել նաև այն, թե իշխանականից ավելի բարձր կոչում ունեցող այդ փեսացուն ի՛նչ ձյուն պիտի բերեր յուր, խեղճ հորս գլխին...
-Թողնենք, ուրեմն, թագուհի, այս պատմությունը։ Ես տեսնում եմ, որ որքան էլ զգուշությամբ խոսեմ, դարձյալ պիտի վրդովեմ քեզ. դու սառնասրտությամբ լսել չես կարողանում... Կուզե՞ս, ես պատմեմ Գնունի իշխանների, ողբացյալ Դավթի ու Գուրգենի նահատակության պատմությունը... Ո՛հ, ինչպես սրտաշարժ և միևնույն ժամանակ ոգևորող է նա... Այդ կատարվեց Դվինում, ութ տարի սրանից առաջ... դժոխքային գազան Յուսուփի ձեռքով...։
-Սեդա՛, սկսածդ շարունակիր, նահատակությանց պատմություններ լսելու ցանկություն չունիմ. շարունակի՛ր, ես այլևս չեմ վրդովվիլ:
-Լա՛վ, տեսնենք,-ասաց Սեդան ժպտալով և նորից սկսավ յուր զրույցը:-Եվ այդպես՝ մեծ իշխանի գուշակությունը կատարվեցավ։ Հիշում եմ, ինչպես այսօր... Այո՛, երջանիկ օրեր էին... և անցան։ Բայց ի՞նչը չէ անցնում այս աշխարհում... Ունայնություն ունայնությանց, ամենայն ինչ ընդունայն է, ասել է Սողոմոնը։
Թագուհին ժպտաց։ Սեդան կանգ առավ և նայեց նրան։ Նա կամենում էր իմանալ, թե ինչո՞ւ համար է թագուհին ժպտում։ Վերջինս գուշակեց դայակի տարակուսանքը և ծիծաղելով ասաց.
-Ինչպե՜ս ծանր ես պատմում դու, Սեդա՛։
-Իսկույն, իսկույն, իմ սիրելի թագուհի, այլևս չեմ ծանրացնիլ,-ասաց Սեդան նույնպես ժպտալով.-բայց մի ձանձրանար, եթե մի քիչ հեռվից սկսեմ... Ի՞նչ անեմ, չեմ կարողանում մոռացության տալ հիշատակաց արժանի պատմությունները։
-Խոսի՛ր, չեմ ձանձրանում։
-Հա. երբ Սմբատ թագավորին խաչեցին Դվինի առաջ... о՜, ի՜նչ ծանր օրեր ենք անցրել. հիշել անգամ սարսափում