Էջ:Muratsan, vol. 4.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ... այդ ժամանակ Աշոտ դյուցազնը դեռ գտնվում էը Ուտիքում....

-Դարձյա՞լ Ուտիքում... Ա՛խ, Սե՛դա, այդ անունը մի՛ տուր, չեմ կարող լսել...

-Թագուհի՛ ...

-Այո՛, կործանվի՛ Ուտիքը, որ ես նրա անունը այլևս չլսեմ...-նյարդային ցնցումից վրդովված բացականչեց թագուհին և ներքին հուզմունքից բոլորովին այլայլվեց։ Մի երկու վայրկենի մեջ նա այնպես փոխվեցավ, որ Սեդան քաշվեցավ, ճնշվեցավ, ինչպես մի հանցավոր, նա լռեց և դիտում էր թագուհուն երկչոտ հայացքով։ Վերջինս, սակայն, էլ չէր նայում դայակի վրա։ Յուր գեղանի, բայց թախիծով լի աչքերը ուղղել էր պատուհանին, որի նեղ ու երկար անցքի միջից թափանցում էին լուսնի կաթնագույն շողերը։ Թվում էր, թե նա դիտում է լուսանցքի պատի վրա այդ շողերի նկարած կամարազարդի պատկերը կամ հեռվում աղոտ կերպով նշմարվող մթապատ լեռների արտևանունքը... Բայց նա իսկապես ոչինչ չէր տեսնում և մինչև անգամ ոչինչ չէր մտածում, նրա սիրտը հուզված, հոգին խռովված էր, ուստի և միտքը սլանում էր խավար ու անպարունակ դատարկության մեջ, ուր մերթ ընդ մերթ հանդիպում էին նրան լուսավոր շերտեր, որոնց վրա նկարված էին լինում յուր վշտերի զանազան պատկերները, բայց նա կանգ չէր առնում նրանց առաջ, և շարունակ թռչում էր հեռո՜ւ, հեռո՜ւ, դեպի խավար, անսահման տարածությունը, ուր հետզհետե նվազում էին անհաճո պատկերները, ուր թագավորում էր միայնություն, լռություն և մոռացումն...։

Երկար այս դրության մեջ մնաց թագուհին և ապա վերջապես խոր հոգվոց հանեց։ Կարծես ծանր աշխատությունից վաստակաբեկ նա յուր աչքերը դարձրեց դեպի Սեդան հոգնած ձևով. նայեց և գլուխը շարժեց։

Խեղճ դայակը դեռ լուռ, անշշունջ և ձեռքերը կրծքին խաչած` նայում էր թագուհուն։ Մի փոքր առաջ նրան թվացել էր, թե յուր սիրասուն Սահանույշը՝ չդիմանալով վշտերի ծանրության, խելագարվում է արդեն... չէ՞ որ նրան յուր հոր տանը պահել, մեծացրել էին այնպես փափուկ, այնպես քնքուշ, ինչպես արքայական բուրաստանի մի գողտրիկ շուշան, որին